Ֆիլմը պատմում է անքնությամբ տառապող երիտասարդի մասին։ Արմանը ՏՏ ընկերության տնօրեն է, որի կյանքն այնքան էլ հարթ չի դասավորվում. բաժանվել է կնոջից, երեխային հազվադեպ է տեսնում, ինչն էլ իր հերթին ավելի է դժբախտացնում նրան։ Ուշ գիշերով անծանոթից ստացած զանգը փոխում է գլխավոր հերոսի կյանքը։ Նա ստիպված է լինում ընտրել մարդկային կյանքերի միջեւ։
Ֆիլմի ռեժիսորը Հարություն Ղուկասյանն է, «Անքնությունը»-ը նրա դեբյուտն է։
Ֆիմի առաջին խնդիրներից մեկը կերպարների բացահայտումն է, այլ կերպ ասած՝ ֆիլմի էքսպոզիցիան, որն այստեղ ուղղակիորեն երկրորդ պլան էր մղվել։
Վտանգված է մի կերպարի կյանք, որի մասին մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ։ Խոսքը Արմանի նախկին կնոջ ամուսնու մասին է, որի հանդեպ դու ուղղակիորեն կարեկցանք չես կարողանում դրսեւորել, քանի որ կերպարի հետ գրեթե չեն ծանոթացրել։ Քեզ համար զրոյական է դառնում նրա ողջ լինել կամ չլինելը։ Կերպարների մեծամասնությունը տառապում են նույն խնդրով։
Շատ պարզամիտ եւ կանխատեսելի է օգտագործվում ֆիլմում Չեխովյան հրացանները։ Միանգամից գլխի ես ընկնում, կորչում է անսպասելիության էֆեկտը: Նույն խնդիրը կա ֆիլմի շրջադարձային պահերում (Plot twist)։ Դրանք չափից դուրս կանխատեսելի են, ֆիլմը դիտողի առջեւ միանգամից բացում է բոլոր խաղաքարտերը։ Սա վերջին տարիներին դարձել է հայկական ֆիլմերի աքիլեսյան գարշապարը։
Տեմպոռիթմը, որ կա ֆիլմում, չի թողնում հանդիսատեսին շեղվել։ Կինոնկարում լավ է ներկայացված ժամանակի ընթացքում կերպարի էմոցիոնալ կազմաքանդումը։
Ֆիլմը կամերային է, եւ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է մեկ դերասանի վրա, ինչը բարձրակարգ դերասանական խաղ է պահանջում, եւ այստեղ դերասանի ընտրությունը իդեալական է կատարված։ Շնորհիվ Սամվել Թադեւոսյանի համոզիչ խաղի չես ձանձրանում, չնայած որ ֆիլմի տեսարանների մեծ մասը նկարահանված է փակ տարածությունում։ Նա այն հազվադեպ հայ ժամանակակից դերասաններից է, որը զգուշությամբ է ընտրում դերերը։ Եթե նայենք նրա ֆիլմագրությանը, կտեսնենք, որ չստացված դերեր չկան։
Եթե Սամվել Թադեւոսյանի դերասանական խաղը բարձրակետում է, ապա նույնը դժվար է ասել Ինգրիտ Կոկչյանի մասին։ Նրա խաղի վերաբերյալ կարծիքները կարող են կիսվել, քանի որ կան գերխաղեր, որոնք անտեղին են եւ գլխավոր դերակատարի խաղի ֆոնին աղքատիկ եւ անհամահունչ են երեւում։
Ինչ վերաբերում է ֆիլմի երաժշտական ուղեկցմանը, այն չի փչացնում ընդհանուր պատկերը, միեւնույն ժամանակ, սակայն, չի առանձնանում եւ երկար չի պահպանվում հիշողության մեջ։
Օպերատորական աշխատանքը հետաքրքիր է։ Օպերատորը բավականին լավ կարողացել է որսալ էմոցիոնալ պահերը, ստանալ աչքի համար հաճելի տեսարաններ։ Գունային ընտրությունը փոխանցում է ֆիլմի հուզական ֆոնը։
Ընդհանուր առմամբ արժե ֆիլմը գոնե մեկ անգամ դիտել երեկոն հետաքրքիր դարձնելու համար, բայց դժվար է ասել, թե ժամանակի ընթացքում արդյոք ցանկություն կառաջանա այն կրկին դիտելու։
Գոռ Իսրայելյան