Ալավերդու հատակագծման աշխատանքները սկսվել են 1930-ականներին ճարտարապետ Միքայել Մազմանյանի ղեկավարությամբ։ Հատակագիծը վերահաստատվել է 1946 թվականին։
1959-1962 թվականներին ճարտարապետ Լեւոն Չերքեզյանի գլխավորությամբ կազմվել է Սանահինի սարահարթի կառուցապատման նախագիծը։ Քաղաքը կառուցվել է բարդ ռելիեֆում:
Ալավերդին քաղաքային բնակավայր է դարձել 1939-ից։ Քաղաքի վարչական տարածքի մեջ էին Ալավերդին, Ակները, Սանահինը եւ Մադանը:
Ալավերդին եւ նրա մերձակայքը բնակեցված են եղել դեռեւս հին ժամանակներից։
Գյուղատնտեսական նշանակության հողերը 9992,65, բնակավայրերի հողերը՝ 981,24 հեկտար են:
Քաղաքի միջով են անցնում հանրապետության երկաթուղային հաղորդակցության գլխավոր երակը՝ Թբիլիսի–Երեւան երկաթգիծը, հանրապետության արտահանման եւ ներկրման ավտոտրանսպորտային գլխավոր՝ Երեւան-Ալավերդի-Թբիլիսի մայրուղին, ինչպես նաեւ Հայաստանի ամենաջրառատ անդրսահմանային Դեբեդ գետը։
Սանահինի սարահարթում կառուցվել է երկու միկրոշրջան՝ 12 000 մարդու համար։ Սարահարթը քաղաքի հետ կապված է խճուղով։ Կտրտված, բարդ ռելիեֆի պատճառով համայնքի թաղամասերն ու բնակավայրերն իրարից բավականին հեռու են:
Քաղաքի բարձրադիր եւ ցածրադիր երկու թաղամասերի համար կարեւոր տրանսպորտային միջոց էր Ճոպանուղին։ Այն շահագործման է հանձնվել 1977 թվականին, ապա անցել պղնձաձուլական գործարանին՝ «Վալեքս» խմբի ընկերության հաշվեկշիռ: Ճոպանուղու գործունեությունը դադարեցվել է 2014 թվականին: Ըստ պաշտոնական հայտարարության՝ կայծակի հարվածը վնասել է շարժիչը:
Ալավերդին աչքի է ընկնում պատմական եւ ճարտարապետական հուշարձանների առատությամբ: Դրանց մեջ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի վանական համալիրը եւ կամուրջը:
2020 թվականին բնակչության թիվը 16398 էր։ Քաղաքում գործում են 7 գրադարան, 2 արվեստի դպրոց, 2 երաժշտական դպրոց, 12 նախադպրոցական հաստատություն, 15 հանրակրթական դպրոց, նախնական մասնագիտական արհեստագործական ուսումնարան, մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն եւ մեկ մարզադպրոց։
2018 թվականի հոկտեմբերի 19-ից կասեցվել են «Էյ-Սի-Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները։ Պղնձարտադրությունն այս քաղաքում 250 տարվա պատմություն ունի: