Գյումրու Գալերի 25 պատկերասրահում տեղի ունեցավ ռուս նկարիչ, իլյուստրատոր Ալեքսեյ Դուրասովի «Սիրով՝ Գյումրուն» խորագրով գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը։ Շուրջ երկու տասնյակ աշխատանքներում արտացոլված էին Գյումրու ոչ այնքան հայտնի անկյունները։ Արվեստագետն ասում է՝ պատճառն այն չէ, որ իրեն դուր չեն գալիս քաղաքի հրապարակներն ու եկեղեցիները։
Պարզապես առաջին հայացքից չերեւացող անկյուններում ավելի ակնհայտ են երեւում քաղաքի անտիկ ոճն ու ինքնատիպ ճարտարապետությունը։ «Գալով Գյումրի՝ ես չէի կարող չնկարել այն, ինչ տեսնում էի։ Նպատակս է քաղաքին ծանոթ մարդկանց համար բացահայտել Գյումրին օտար մարդու թարմ հայացքով»:
Պատկերասրահի հիմնադիր-տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը Դուրասովի նկարներն առաջին անգամ նայելիս տպավորություն է ստացել, որ Իտալիայում է։
«Արեւ, լույս, երաժշտություն, լուսավոր գալիքի սպասում կա աշխատանքների մեջ։ Համագործակցությունը պետք է զարգացնենք։ Լավ է, որ նման արվեստագետները գալիս են Գյումրի, ստեղծագործում են Գյումրու եւ գյումրեցու համար»։
«Սիրով՝ Գյումրուն» ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ տարեվերջ ոչ միայն գյումրեցիների, այլեւ Գյումրին սիրող բոլոր հյուրերի առաջ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։