ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 13–ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել է 6 եւ վիրավորվել 81 մարդ, ցավակցություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուին։
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունից զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,– թվիթերյան գրառման մեջ նշել է Միրզոյանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն իր թվիթերյան էջում տարածել է ՀՀ արտգործնախարարի ցավակցական ուղերձն ու շնորհակալություն հայտնել Միրզոյանին։
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Թեհրանը դատապարտոել է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը:
«Խստորեն դատապարտում ենք ցանկացած ահաբեկչական գործողություն` ուղղված Թուրքիայի եւ նրա ժողովրդի անվտանգության դեմ»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն, որը մի կին է իրագործել։
Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլունի՝ կասկածյալը ձերբակալվել է։