Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հանձնարարությամբ կազմված 15 հոգանոց հանձնաժողովը, որ գրեթե երկու տարի քննում էր Ֆրանսիայի դերը 1994 թվականին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության մեջ, եզրակացրել է, որ Փարիզը ժամանակին չի արձագանքել ողբերգությանը, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 800 հազար մարդ:
Ըստ Euronews-ի՝ պատմաբանների հանձնաժողովի ներկայացրած զեկույցում ասվում է, որ Ֆրանսիան հանցակից չէ, բայց ծանր պատասխանատվություն է կրում այն իրադարձությունների համար, որոնք հանգեցրել են Ռուանդայում փոքրամասնություն կազմող թութսի ցեղի կոտորածին:
Հանձնաժողովի նախագահն ասել է, որ Ֆրանսիայի իշխանությունները վարում էին իրականությունից լիովին կտրված քաղաքականություն, որը հիշեցնում էր գաղութատիրությունը:
Պատմաբանները պնդում են, որ պաշտոնական Փարիզը կապված էր Ռուանդայի նախկին նախագահ Խաբիարիմանի ռեժիմի հետ, որը խրախուսում էր ցեղապաշտական հաշվեհարդարները:
«Բայց եթե մենք խոսում ենք ցեղասպանության մասնակցության մասին, ապա մեղսակից է ամբողջ միջազգային հանրությունը»,- հայտարարել է պատմաբանների հանձնաժողովի նախագահը: