Նեւադա նահանգում միջանկյալ ընտրություններում սենատոր Քեթրին Կորտես Մաստոյի հաղթանակի շնորհիվ դեմոկրատները պահպանել են վերահսկողությունը Միացյալ Նահանգների Սենատում: Հանրապետականներն ունեն 49, դեմոկրատները՝ 50 տեղ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պաշտոնավարման մնացած ժամանակահատվածի համար արդյունքներն իրեն լավատեսություն են ներշնչում: Բայդենը նշել է, որ անհամբեր սպասում է հաջորդ մի քանի տարվա ընթացքում դեմոկրատների նոր ձեռքբերումներին: Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն էլ կարծիք է հայտնել, որ ընտրությունները մեծ հաղթանակ են ամերիկացի ժողովրդի համար: Սպիտակ տան առաջնորդի ավագ խորհրդական Ջեյք Սալիվանն էլ հայտարարել է, որ Սենատի վերահսկողությունը վճռորոշ է նախագահի օրակարգն առաջ մղելու համար։
Ըստ փորձագետների՝ հանրապետականները դեռ կարող են վերահսկել Ներկայացուցիչների պալատը: Այնուամենայնիվ, շատերի կարծիքով՝ Սենատի վերահսկողությունը դեմոկրատներին հնարավորություն է ընձեռում կասեցնելու ցանկացած օրենսդրական նախաձեռնություն:
Ջորջիան ԱՄՆ միակ նահանգն է, որտեղ ընտրության արդյունքները դեռեւս հայտնի չեն։ Այնտեղ դեկտեմբերի 6-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, որը, դիտորդների գնահատմամբ, հազիվ թե որոշիչ լինի: Եթե անգամ Ջորջիայում հաղթի հանրապետական թեկնածուն, եւ Սենատում կուսակցություններից յուրաքանչյուրն ունենա 50-ական տեղ, քննարկումների ժամանակ որոշիչ ձայնը, ըստ ԱՄՆ Սահմանադրության, կլինի ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսինը: