Մեծ քսանյակի՝ G20-ի գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բալիում Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ հանդիպմանը հայտարարել է, թե երկուստեք պետք է ցույց տան, որ Վաշինգտոնն ու Պեկինը կարող են հաղթահարել տարաձայնությունները, թույլ չտան, որ մրցակցությունը վերածվի հակամարտության եւ ուղիներ գտնեն փոխադարձ համագործակցություն պահանջող համաշխարհային հրատապ խնդիրների շուրջ միասին աշխատելու համար:
Բայդենը շեշտել է, թե աշխարհն ակնկալում է, որ ԱՄՆ-ն ու ՉԺՀ-ն առանցքային դեր կունենան համընդհանուր խնդիրների լուծման գործում՝ կլիմայական փոփոխություններից մինչեւ պարենային անվտանգություն:
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը եւս ընդգծել է, որ պետք է աշխատել բոլոր երկրների հետ: Նա նշել է, թե աշխարհն ակնկալում է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն կկարգավորեն իրենց հարաբերությունները: Սի Ծինպինը շեշտել է, որ Չինաստանը պատրաստ է ազնիվ բանակցություններ վարել ռազմավարական երկկողմ հարցերի շուրջ, քննարկել տարածաշրջանային ու համաշխարհային իրավիճակը:
G20 երկրների գագաթնաժողովը կանցկացվի Ինդոնեզիայի Բալի կղզում նոյեմբերի 15-16-ը: Երկօրյա գագաթնաժողովի կարգախոսն է «Վերականգնվենք միասին, վերականգնվենք ավելի հզոր»:
Մեծ քսանյակի գագաթնաժողովի օրակարգում են համաշխարհային առողջապահության, էներգետիկայի եւ թվային տեխնոլոգիաների հարցեր, ենթադրվում է, որ կքննարկվեն նաեւ աշխարհքաղաքական զարգացումները, պարենի եւ կլիմայի հիմնախնդիրները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից եւ Չինաստանի նախագահ Սի Ծինպինից բացի արդեն Բալի են ժամանել նաեւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ այլ լիդերներ:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի պարզաբանել է, թե Վլադիմիր Պուտինը որոշել է անձամբ չմասնակցել Բալիում գումարվող G20 գագաթնաժողովին, քանի որ հանգամանքները պարտադրում են մնալ երկրում: Պեսկովն ընդգծել է, թե Ռուսաստանի Դաշնությունը հավաքում ներկայացված է շատ բարձր՝ վարչապետի մակարդակով, Լավրովն այնտեղ շփվում է հավաքի մասնակիցներից շատերի հետ, իսկ ռուսական կողմի հետ շփվել ցանկացողներն ունեն դրա հնարավորությունը:
Նշենք, որ արեւմտյան մի շարք երկրների ղեկավարներ նախազգուշացրել էին, որ կբոյկոտեն գագաթնաժողովը, եթե Պուտինն ընդգրկվի մասնակիցների թվում: