ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ արտործնախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ադրբեջանն իր ագրեսիվ վարքագծով եւ առավելապաշտական նկրտումներով շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները:
Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վերջին եռակողմ հանդիպմանն ու ընդունված համատեղ հայտարարությանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու կողմերի հանձնառության կարեւորությունը։
Միրզոյանը եւ Խովաեւը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի, ինչպես նաեւ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։
Նոյեմբերի 14-ին ավելի վաղ Խովաեւին ընդունել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: