Ըստ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի` Ինդոնեզիայի Բալի կղզում ընթացող «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի մասնակից պետությունների ներկայացուցիչները նախապատրաստում են գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության տեքստը, այժմ համաձայնեցվում են դրա դրույթները։ Ամփոփիչ հայտարարությունում դատապարտվելու է ռուս-ուկրաինական պատերազմը։
Ուշագրավ է այն, որ ռուսական պատվիրակությունը, որը ղեկավարում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ոչ պաշտոնապես հավանություն է տվել այդ փաստաթղթին այն առումով, թե դեմ չէ, որ ամփոփիչ հայտարարությունում մեջբերվի պատերազմի առնչությամբ ՄԱԿ-ի արտահայտած պաշտոնական տեսակետը։ Սա այն դեպքում, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ՌԴ-ի՝ ուկրաինական տարածքների բռնակցումը դատապարտող բանաձեւին Ռուսաստանը դեմ է արտահայտվել։
Գերմանական dpa լրատվական գործակալությունն էլ մանրամասնում է, որ Սերգեյ Լավրովը առնվազն կողմ է եղել, որ փաստաթղթում հիշատակվի ռազմական հակամարտություններում միջուկային զենքի կիրառման անթույլատրելիությունը։
«G20-ի երկրների մեծ մասը հստակորեն հասկացրել է, որ դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սարձազերծած պատերազմը եւ համարում է, որ աշխարհն այժմ հումանիտար եւ տնտեսական առումով մեծ տառապանքներ է կրում այդ պատճառով»,- հայտարարել է գագաթնաժողովի մասնակից ԱՄՆ ներկայացուցիչը։
Ինչով կհիշվի «Մեծ քսանյակի» Բալիի գագաթնաժողովը
G20-ի այս գագաթնաժողովն արդեն իսկ հիշարժան մի քանի դրվագներ արձանագրել է։ Նախ, որ տեղի ունեցան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները, որը երկու առաջնորդների առաջին պաշտոնական անձնական հանդիպումն էր։ Զրույցի ընթացքում երկու գերտերությունների ղեկավարները համատեղ դատապարտել են Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառման առնչությամբ Ռուսաստանի ստեղծած սպառնալիքները։
Սպասվում է, որ այդ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաեւ «Հացահատիկային գործարքի» գործողության ժամկետի երկարաձգման մասին հարցը։
Բացի այդ՝ «Մեծ քսանյակի» երկրները հայտարարել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի հիմնադրամ ստեղծելու մասին։ Հիմնադրամն իր տրամադրության տակ կունենա 1,4 միլիարդ դոլար գումար, որը կուղղվի առողջապահական համակարգի ամրապնդմանը եւ առաջիկա հինգ տարիներին առողջապահական բյուջեների պակասորդների լրացմանը։
Ռուսական պատվիրակությունը բազմիցս հայտարարել է, որ դեմ է միջազգային կոնֆերանսի ամփոփիչ հայտարարության ստորագրմանը։ Միաժամանակ նաեւ ռուսական պատվիրակությունը հայտարարել է, որ դեմ է նաեւ Միջուկային զենքը չտարածելու վերաբերյալ պայմանագրի տեսչական կոնֆերանսի ամփոփիչ փաստաթղթի ստորագրմանը։
Այս գագաթնաժողովում, այսպես ասած, «ընտանեկան» կամ համատեղ լուսանկար չի արվի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը