ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակելու է համերաշխորեն աջակցել Ուկրաինային՝ մինչեւ վերջինիս հաղթանակը։ Սակայն ուկրաինացիներն իրենք են որոշելու, սեփական չափանիշներից ելնելով, թե որն է իրենց համար հաղթանակը։
Եվրամիության անդամ պետությունները նաեւ որոշակիացրել են Ռուսաստանի նկատմամբ իրենց վարելիք քաղաքականությունը։ «Շարունակելու ենք միջազգային ասպարեզում Ռուսաստանի մեկուսացումը։ Ռուսական տնտեսության նկատմամբ շաունակվելու են պատժամիջոցների կիրառումը։ Մենք պատրաստ ենք խստացնելու այդ պատժամիջոցները երրորդ երկրների համար, ովքեր ներգրավված են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայում։ Խոսքը հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնք սպառազինություններ են մատակարարում Ռուսաստանին կամ նրան ռազմական աջակցություն են ցուցաբերում։ Դրանք են Իրանն ու Բելառուսը»,- ասված է Բորելի հայտարարության մեջ։
Եվրամիության թիվ մեկ դիվանագետն ընդգծել է, որ ֆինանսատնտեսական պատժամիջոցները թուլացնում են ռուսական տնտեսությունը, նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելու եւ բանակի նյութական մասի թարմացնելու՝ Ռուսաստանի կարողությունը։ Եվրամիությունում համոզված են՝ Խերսոնից ռուսական զորքի դուրս բերումը ցույց է տալիս, որ ռուսական բանակը մեծ կորուստներ ունի, եւ դա շրջադարձային պահ է ռուս-ուկրաինական պատերազմում։
Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականների համար ԵՄ տարածքում պատրաստության նոր ծրագիր կգործարկվի։ Բացի դրանից, քննարկվել է Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրելու հարցը, սակայն վերջնական որոշում ամենայն հավանականությամբ, կընդունվ այսօր՝ նոյեմբերի 15-ին՝ ԵՄ անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։ ԵՄ-ն, միաժամանակ, հետամուտ է լինելու, որ Ուկրաինայում հանկարծ մարդասիրական աղետ չսկսվի։ Եւ նաեւ՝ Ուկրաինան, ըստ Բորելի, ինքն է որոշելու, թե երբ է նստելու բանակցային սեղանի շուրջ Ռուսաստանի հետ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը