ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, թե ոչ մի «Մինսկ-3» չի լինելու, հաստատում է, որ Կիեւը «ե՛ւ փաստացի, ե՛ւ իրավաբանորեն չի կարող ու չի ցանկանում բանակցություններ վարել»։
«Ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության նպատակներն իրականացվելու են հատուկ ռազմական գործողության շարունակման միջոցով»,- ընդգծել է Պեսկովը։
Դոնբասում իրադրության կարգավորման գործող փաստաթուղթը մինչեւ Ուկրաինա ռուսական ներխուժումը եղել է «Մինսկ-2»-ը՝ որպես Մինսկի համաձայնագրերի կատարման միջոցառումների համալիր։ Այն կանոնակարգել է հակամարտության թուլացմանն ուղղված քայլերը։
Նա նաեւ մեկնաբանել է Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչը։ «Մենք բանակցությունների հեռանկարները դեռեւս չենք տեսնում»,– նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք Խերսոնը մնալու է Խերսոնի շրջանի մայրաքաղաքը, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է` այլ որոշումներ չեն ընդունվել։