Վարդահովիտում տարվա կեսը ձմեռ է: Ծաղկի անունով այս գյուղում վարդերը դեռ չթոշնած անցնում են ձյան տակ: Վայոց ձորի Եղեգիս համայնքի այս փոքրիկ բնակավայրը ծովի մակերեւույթից 2050 մետր բարձր է: Բնակիչներն էլ եղանակի հետ գալիս, եղանակի հետ գնում են:
Ամռանը Վարդահովիտում սովորականից մարդաշատ է, գրեթե 300 բնակիչ է լինում: Հիմնականում Շատին եւ հարակից այլ բնակավայրերից են բարձրանում Վարդահովիտ, անասնապահությամբ զբաղվում, ձմեռվա պաշար հավաքում ու ձմռան գալուն պես գնում: Տարվա ցուրտ եղանակին գյուղում մի քանի ընտանիք է մնում:
Ժամանակին Վարդահովիտում ասեղ գցելու տեղ չի եղել: Միաժամանակ հայեր, թուրքեր, ադրբեջանցիներ, ռուսներ, ուկրաինացիներ ու բելառուսներ են ապրել այդ գյուղում: Արփա-Սեւան թունելը միասին են կառուցել: Շինարարության ավարտից հետո գյուղը դարձել է միայն ադրբեջանաբնակ: 1988-ից էլ վերաբնակեցվել է Բաքվից, Գանձակից եւ այլ վայրերից տեղափոխված հայերով: Գյուղում դեռ կանգուն են թունելի շինարարության ընթացքում աշխատակիցների համար կառուցված երկհարկանի տները, որոնց մի մասում այժմ վարդահովիտցիներ են ապրում:
Ասլի Մկրտչյանի ընտանիքը մեր այցելության օրը վերջին աշխատանքներն էր անում մինչեւ Շատին տեղափոխվելը: Ասլի տատը սովորել է երկու գյուղերի կյանքին: Ասում է՝ երկուսն էլ սիրում է, բայց Վարդահովիտն ավելի հարազատ է համարում. այդտեղ են աշխատում, եկամուտ ստանում: Տատն իր գործն էլ սիրով է անում, լուսանկարվելիս էլ ընտրում է մաթեմատիկական ճշգրտությամբ դասավորված աթարի ամենահավասարաչափ կտորը: Գործը գործ է, բայց թող ամենասիրունը երեւա:
Վարդահովիտում ապրելը հեշտ չէ, սոցիալ-տնտեսական իրավիճակը բարդ է, թեեւ գյուղացիներից շատերն աշխատում են տարածքի հիդրոէլեկտրակայաններում: Ստացված աշխատավարձը բավարարում է միայն ցրտաշունչ ձմեռվա կոմունալ վճարումներին:
Վարդահովիտի շուրջ 30 տարվա ղեկավար Սամվել Գեւորգյանը մոռացել է Կառավարությանն ուղղված նամակների հաշիվը, որ գոնե տների տանիքները վերանորոգելու հարցում օժանդակեն:
Ձմռան երկար ամիսներն այս գյուղում ամենադժվարն են անցնում։ Գյուղ բերող յոթ կիլոմետրանոց ճանապարհը ոչ մի անգամ չի նորոգվել։ Ձմռանն էլ ձյունն է մինչեւ երկու մետր բարձրությամբ փակում։ Ձնամաքրման աշխատանքներ կատարվում են, բայց քանի որ ձյունը կարող է տեղալ օրեր շարունակ, ստիպված են լինում սպասել, մինչեւ դադարի։ Գյուղացիները հիմա գոհ են, ասում են՝ տարիներ առաջ ավելի վատ էր։ Հիշում են, թե քանի անգամ են ձմռանը ստիպված ոտքով գնացել Եղեգնաձոր, երբ գյուղում որեւէ մեկը մահացել է, կամ ինչպես են երեխաներին շալակած հիվանդանոց հասցրել։
Համակերպված կատակում են՝ իրենց դեպքում «Շտապ օգնության» «շտապ»-ը պետք է հանել․ ինչքան էլ արագ գա, այդ ճանապարհով ժամանակին տեղ չի հասնի։
Շուտով գյուղի «շտապ օգնությունը»՝ բուժքույր Նազիկ Կարապետյանն էլ 12 տարի առաջ Շատինից Վարդահովիտ բերած ճանապարհով նորից հետ կգնա՝ վաստակած հանգստի։ Համայնքապետարանի տրամադրած փոքրիկ սենյակում տարիներ շարունակ ապրել է, սպասարկել գյուղացիներին, ճնշման տատանումից մինչեւ գլխացավ ու կոտրվածք բուժել։
Գյուղի հետ կապվել է, գուցե էլի մնար, բայց տարեցտարի ավելի է դժվարանում Վարդահովիտի ձմռանը դիմանալը։ Հիշում է՝ ինչպես էր դռան մուտքը ձյունով փակվել, ու երկու-երեք օր մնացել փակ դռան հետեւում։ Գյուղում սրտնեղել են Նազիկի գնալու լուրից։ Բուժքույրն ասում է՝ ոչինչ, մեկին կբերեն, գյուղի վարչական ղեկավարն էլ հուսահատ միջամտում է՝ բերելը հեշտ չէ, ո՞վ կգա, կհասնի Վարդահովիտ։
Խանութ չունեցող այս գյուղի բնակիչները ժպտում են՝ «ամառվա փուշը ձմեռվա նուշն է» ասացվածքն իրենց մասին է։ Տաք ամիսներին ամեն ինչ հավաքում, պատրաստում են, որ ձմռանը ոչնչի կարիք չլինի, գտնելը դժվար է։ Բարձրլեռնային Վարդահովիտում ամեն ինչ օրգանիկ է․ եթե վաճառքի հարցը կարգավորվի, կկարողանան իրենց մեղրով ու պանրով բարձր եկամուտ ստանալ։
Գյուղի դատարկվելու խնդիրը մի օրվա հետեւանք չէ, վստահ է Սամվել Գեւորգյանը։ Տարիներ առաջ Երեւանում շինարարական մեծածավալ աշխատանքեր սկսվեցին, գյուղերում աշխատանք չունեցողները ստիպված մայրաքաղաք տեղափոխվեցին, հետո իրենց ընտանիքներին տարան։ Մինչդեռ պիտի սկզբում հենց հեռավոր գյուղերի մասին մտածեին։ Հիմա հույսով են ապրում. որ այսքան տարի գյուղը պահել են, էլի կպահեն։
2020-ի 44-օրյա պատերազմը ճակատագրական է եղել նաեւ Վարդահովիտի համար։ Գյուղը դարձել է սահմանամերձ, թեեւ չունի համապատասխան կարգավիճակ։ Գյուղից կիլոմետրեր այն կողմ Քարվաճառն է։ Վարդահովիտցիները գիտեն՝ պիտի պահեն գյուղը, բայց դեռ չգիտեն «ինչպես»։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: