ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Լեհաստանում տեղի ունեցած հրթիռային միջադեպի մասին նախնական տեղեկությունները վկայում են, որ դրանք եղել են ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներ։
Ամփոփելով Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հյուսիսատլանտյան խորհրդի մշտական ներկայացուցիչների մակարդակով նիստի արդյունքները՝ Ստոլտենբերգը նաեւ ասել է, որ դաշինքը չունի որեւէ ապացույց, որ Լեհաստանի տարածքը միտումնավոր է հրթիռակոծվել։ Յենս Ստոլտենբերգը նաեւ ընդգծել է՝ ՆԱՏՕ-ն նշաններ չի տեսնում, թե Ռուսաստանը հարձակում է նախապատրաստում դաշինքի վրա։
Ըստ ամերիկյան CNN-ի՝ ԱՄՆ նախնական գնահատականներին ծանոթացած երկու պաշտոնյաներ եւս հայտնել են, որ Լեհաստանի արեւելքում երկու մարդու մահվան պատճառ դարձած հրթիռն արձակվել է Ուկրաինայից, թեեւ այն ռուսական էր: Պաշտոնյաներից մեկի դիտարկմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նկատի ուներ այս տեղեկությունը, երբ ավելի վաղ հայտարարել էր, թե քիչ հավանական է, որ հրթիռն արձակվել է Ռուսաստանի տարածքից:
Իր հերթին Բելգիայի պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը հայտնել է, որ հրթիռն, ըստ ամենայնի, Լեհաստանի տարածքում է ընկել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից ռուսական հրթիռը խոցելու հետեւանքով:
ԱՄՆ-ի արձագանքը «զուսպ» էր, Լեհաստանինը` «հիստերիկ». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վարշավայի արձագանքը Լեհաստանում տեղի ունեցած հրթիռային միջադեպին կարող էր ավելի պրոֆեսիոնալ լինել, հատկապես երբ խոսքը նման զգայուն թեմայի մասին էր:
Ըստ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի` հրթիռներին առնչվող միջադեպին ԱՄՆ-ի արձագանքը զուսպ էր, Լեհաստանինը` «անիրական տվյալների վրա հիմնված հերթական «հիստերիկ» ռուսաֆոբիան»։ Պեսկովը նշել է, որ Կրեմլը կցանկանար նույն զգացմունքային արձագանքը լսել «Հյուսիսային հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ։
Լեհական լրատվամիջոցները նոյեմբերի 15-ին հայտնել էին, որ Լեհաստանի տարածքում հրթիռների ընկնելու հետեւանքով երկու մարդ է զոհվել: Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հրթիռները ռուսական արտադրության են։