Ըստ The Washington Post պարբերականի՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բեռնսը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին, երբ Կիեւը եւ ուկրաինական մյուս քաղաքները ենթարկվել են ռուսական հրթիռային մեծածավալ հարվածների։
Ուիլյամ Բեռնսը հանդիպել է նաեւ ուկրաինական հետախուզության ղեկավարության հետ: Նա փոխանցել է, որ նոյեմբերի 14-ին Անկարայում ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը ՌԴ-ին նախազգուշացրել է ռուս-ուկրաինական պատերազմում միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին։
CBS News-ը նշել է, թե Բեռնսը դեռեւս սեպտեմբերի վերջին է զգուշացրել, որ պաշտոնյաները պետք է ուշադիր լինեն եւ լուրջ վերաբերվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջուկային տակտիկական զենք կիրառելու սպառնալիքներին։
Անդրադառնալով նոյեմբերի 14-ին Անկարայում Բեռնս-Նարիշկին հանդիպմանը՝ AP-ն ընդգծել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր սա ռուս-ամերիկյան առաջին շփումներն են, իսկ CNN-ն էլ մանրամասնում է, որ այդ հանդիպումը Ռուսաստանի հետ հանուն ռիսկերի կառավարման հաղորդակցության պահպանման շրջանակում է տեղի ունեցել։ Հանդիպման օրակարգում եղել են Ռուսաստանում պահվող ԱՄՆ քաղաքացիները, միջուկային ռիսկերին եւ ռազմավարական կայունությանն առնչվող ռիսկերի կառավարումը։ Բանակցությունները տեղի են ունեցել Վաշինգտոնի նախաձեռնությամբ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը