ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը ԱՄՆ Սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլեւս չի գործում։
«Մինսկի խմբի հիմնական նպատակները մնում են, ես կապ եմ պահպանում Ֆրանսիայի հետ։ Ադրբեջանում էլ ասել են, որ այլեւս գործ չեն ունենա Մինսկի խմբի հետ։ Թերեւս ամեն ինչ կհանգի այն կետին, որ կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ դնել այդ մանդատին, քանի որ մեխանիզմն այլեւս չի գործում»,- ասել է Ռիքերը։
Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի` ամեն դեպքում մանդատը բավականին օգտակար է, եւ Միացյալ Նահանգները մասնակցում է հակամարտության կողմերի հետ խաղաղության գնալու գործընթացին։
Տեղեկանք
ԵԱՀԿ Մինսկի խումբը ձեւավորվել է ղարաբաղյան հակամարտությունը լուծելու նպատակով։ Խմբի ձեւավորման մասին որոշումը 1992 թվականի մարտի 24-ին ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան եւ Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ 1997-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների մասնակցությամբ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը։