Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել 2022-ի նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձեւի կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմն ընդգծել է, որ «բանաձեւը հեռու է իրականությունից, լի է ստերով ու զրպարտություններով, եւ Բաքուն այն կտրականապես մերժում է»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն բանաձեւը սադրիչ է որակել եւ նշել, թե «Ֆրանսիան, որը հայտարարում է, թե ցանկանում է նպաստել խաղաղ գործընթացին, եւս մեկ անգամ բացահայտ ցուցադրեց իր հայանպաստ, կողմնակալ եւ միակողմանի դիրքորոշումը»։
Ադրբեջանի Միլլի մեջլիսն էլ, ի պատասխան Ֆրանսիայի Սենատի հակաադրբեջանական բանաձեւի, նոյեմբերի 16-ին ընդունել է Ֆրանսիայի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները Ադրբեջանի կառավարությանը վերանայելու կոչ անող բանաձեւ:
Հայտարարության մեջ նշվում է, որ քանի դեռ Ֆրանսիայի կառավարությունը չի տվել անհրաժեշտ երաշխիքներ, Փարիզը չպետք է մասնակցի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող նախաձեռնություններին եւ գործողություններին, ինչպես նաեւ առաջարկվում է ֆրանսիացի պաշտոնական անձանց հետ այս հարցերով քննարկում չանցկացնել: