Նիկոլ Փաշինյանը չէր հանդգնի մարզային հանդիպումներ սկսել, եթե նոյեմբերի 9/10-ի եռակողմ Հայտարարությունից ի վեր որեւէ քաղաքական գործիչ, կուսակցություն կամ դաշինք ձեւակերպած եւ հանրությանը մատչելի լեզվով ներկայացրած լիներ Հայաստանի ապագայի իր պրագմատիկ պատկերացումը:
Դիսկուրսը, թե Փաշինյանը «սորոսական գործակալ է, թուրքաֆիլ, հինգ միլիարդ դոլարով վաճառել է Արցախը, հիմա էլ Սյունիքն է հանձնում» եւ այլն, որքան էլ պարադոքսալ հնչի, միայն ամրապնդում է նրա դիրքերը: Որովհետեւ փաստացի մեղադրանքներ չեն ներկայացվում, ինչը Փաշինյանի թիմի համար հնարավորություն է՝ «նախկիններին» եւ էլի ինչ-ինչ խմբերի մեղադրելու, որ պատերազմի առաջին իսկ օրվանից «բանակի ներսում հակաքարոզչություն են տարել, թե հողերը ծախված են, իմաստ չունի թնդանոթի միս դառնալ» կամ «փակել են զինապահեստները, կամավորականներին զենք չեն տվել» եւ մի բան էլ ավելի՝ «առաջին կրակոցից թողել են դիրքերը, դասալքել»:
Ահա, կարծես, այս «մակարդակին» է պատերազմի եւ պարտության պատճառների շուրջ դիսկուրսը, որ ավելի շատ կենցաղային բամբասանք է: Մինչդեռ Հայաստանի ապագան մոդելավորելու համար խորքային վերլուծությունների, մշակումների, կանխատեսումների անհրաժեշտություն կա: Եւ այստեղ է, որ բախվում ենք դաժան իրականությանը. անկախ Հայաստանում չկա կամ գրեթե բացակայում է ազգային փորձագիտական դասը, այն «ուղեղային կենտրոնը»՝ անկախ նրանից, թե կազմակերպչական ինչ կառուցվածք կունենա, առանց որի արդի աշխարհում ոչ ոք անգամ տեղական ընտրություններին մասնակցելու որոշում չի ընդունում: Ուր մնաց, թե քննարկի պատերազմի եւ խաղաղության միջեւ ընտրության կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման-չկարգավորման հարց:
Հայաստանը, պարզվում է, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը «հանրայնորեն մերժելուց» հետո գտնվում է վիրտուալ աշխարհում: Դրանում համոզվելու համար բավական է հետեւել մեր մամուլին, որտեղ եթե քաղաքագիտական վերլուծություն հանդիպում է, ապա հեղինակը կամ օտարազգի է, կամ՝ արտերկրում հաստատված հայ:
Այդ մարդկանց հանդեպ խորին հարգանք ունենալով հանդերձ, չեմ կարող չասել, որ Ֆրանսիայի կամ ԱՄՆ որեւէ հետազոտական կենտրոնի աշխատակիցը, կամա թե ակամա, բայց անպայման արտահայտում է այդ հաստատության ավանդական մոտեցումը: Իսկ դա իր հերթին ձեւավորվում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ այլ երկրի, որտեղ գործում է տվյալ վերլուծաբանական կենտրոնը, ազգային-պետական շահերի առաջնահերթությամբ:
Այլ կերպ չի կարող լինել: Ոչ մի երկիր չի հանդուրժի, որ իր հարկատուների հաշվին գործող փորձագետը պաշտպանի այլ երկրի շահեր: Անգամ եթե այդ երկիրը նրա պատմական հայրենիքն է:
Այս իմաստով անհասկանալի է ոմանց ագրեսիան՝ հանդեպ Սերգեյ Կուրղինյանի կամ Մարգարիտա Սիմոնյանի կամ Սեմյոն Բաղդասարովի: Այդ մարդիկ ծառայամիտ չեն, հացկատակ չեն: Նրանք ասում են այն, ինչում հարյուր տոկոսով համոզված են: Նրանք այդպես գիտեն պատմությունը: Նրանք առաջարկում են մի ընտրություն, որ կնպաստի Մերձավոր Արեւելքում, Սեւծովյան-Կասպից տարածաշրջանում, մեծ հաշվով՝ Եվրասիայում Ռուսաստանի գեոքաղաքական դիրքերի ամրապնդմանը: Նույն տրամաբանությամբ էլ արեւմտյան վերլուծաբանական կենտրոնների հայազգի փորձագետները Հայաստանի ապագան կապում են եվրաատլանտյան դաշինքին մաս կազմելու հեռանկարի հետ:
Իսկ ի՞նչ են տեսնում Հայաստանի «ուղեղային կենտրոնները»: Կա՞ն նման հաստատություններ: Ըստ երեւույթին՝ ոչ: Իշխանությունը չի ունեցել ազգային վերլուծաբանական-խորհրդատվական մտքի կարիք, եւ այն չի ծնվել, չի ձեւավորվել:
Փոխարենն ունենք փորձագետներ, որ աշխատում են արեւմտյան դրամաշնորհներով: Ունենք Ռուսաստանի վերլուծաբանական կենտրոնների հովանու ներքո գործող հաստատություններ: Բացառված չէ, որ այլ երկրներ նույնպես ունեն իրենց փորձագիտական «ներկայացուցչությունները»: Եւ հենց այդ պատճառով էլ անկախ Հայաստանի պետական ինքնությունը եւ հեռանկարը քաղաքագիտորեն մնում է չձեւակերպված:
Չկա:
Ամեն ինչի փոխարեն ունենք մի ոչ գիտական բանաձեւ. «Պետք է մշակել ազգային գաղափարախոսություն»: Երեսուն տարի է՝ անընդմեջ խոսվում է այդ մասին, բայց ոչ ոք այդպես էլ չի շարադրում, չի հանրայնացնում, թե ո՞րն է ազգային գաղափարախոսությունը: Ի վերջո դա սոցիալակա՞ն ուսմունք է, մշակութաբանակա՞ն, թե՞ գեոքաղաքական-ռազմավարական:
Հենց այս ամայությունից է ծնվել իմքայլականությունը, որ իշխանության գալով՝ հայտարարեց, թե ոչ մի գաղափարախոսության կրող եւ հետեւորդ չէ, մերժում է «իզմ»-երը: Այդպես ապագաղափարական էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը՝ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսով: Ապագաղափարական է նաեւ ՀՀԿ-ն, որովհետեւ 21-րդ դարում ապավինել Գարեգին Նժդեհի հակասական ուսմունքին՝ նշանակում է ծաղրել հանրությանը եւ միջազգային գործընկերներին:
Հայաստանի թիվ մեկ խնդիրը պետական ինքնության եւ ապագայի գիտական, մաթեմատիկական բանաձեւի ճշգրտությամբ ձեւակերպված հեռանկարն է: Առանց նախագծի շենք չի կառուցվում, նույնիսկ չի վերանորոգվում: Մենք պետք է ամբողջական, ամուր հիմքերի եւ հեծանների վրա բարձրացող շինություն ունենանք, ոչ թե կցակառույցների փնթի լաբիրինթոս, որտեղ մեկը մյուսից անջրպետված է իր կարեւորության մասին չափազանցված պատկերացումներով՝ ինչպիսին այսօրվա Հայաստանն է:
Այո, երբ որեւէ մեկի մտքով անցնում է Սյունիքը՝ պայքարի, հարթավայրային Հայաստանը՝ հարմարվողականության խորհրդանիշ ներկայացնել եւ մեկը մյուսին հակոտնյա տեսնել, ուրեմն մենք ամբողջական չենք: Տեսքի գալու համար մենք պետք է գրենք «Հայաստանի ուխտը»: Եւ բոլորով մեկ նպատակի ուխտավոր եւ մարտիկ լինենք: Ճշմարտության պահն անվերջ չի տեւելու:
Նոր մարտահրավերներ են բախում մեր Հայրենիքի դռները…
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։