Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանի նկատմամբ գործադրվող պատժամիջոցային ճնշման հետեւանքով ռուսական տնտեսությունը թեւակոխել է տեխնիկական ռեցեսիայի փուլ։
Ըստ «Ռոսստատ» պետական վիճակագրական գործակալության՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ՌԴ ՀՆԱ-ն տարեկան արտահայտմամբ 4-տոկոսանոց անկում է գրանցել։ Նշենք, որ այս տարվա ապրիլ-հունիսին ռուսական ՀՆԱ-ն եւս 4,1-տոկոսանոց անկում էր գրանցել։
«Ռոսստատի» տվյալները, սակայն, ավելի լավատեսական են, քան ՌԴ էկոնոմիկայի եւ զարգացման նախարարության հաշվարկները։ Նշենք, որ վերջինս կանխատեսել էր 4,4 տոկոս տնտեսական անկում։ Նույնքան էր գնահատել ՀՆԱ անկումը երրորդ եռամսյակի համար նաեւ ՌԴ կենտրոնական բանկը։
Ըստ հրապարակված վիճակագրության՝ հուլիս-սեպտեմբերին մեծածախ առեւտրի անկումը եղել է 22,6 տոկոս, մանրածախ առեւտրինը՝ 9,1 տոկոս։ Միաժամանակ, շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտներում արձանագրվել է համապատասխանաբար 6,7 եւ 6,2 տոկոս աճ։
Հիշեցնենք, որ ՌԴ կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում ՌԴ ՀՆԱ անկումը կլինի 3,0-3,5 տոկոս։
ՌԴ էկոնոմիկայի եւ զարգացման նախարարության գնահատմամբ՝ ՌԴ ՀՆԱ անկումը տարեկան կտրվածքով կլինի 2,9 տոկոս։
Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը 2022 թվականի համար ՌԴ ՀՆԱ անկումը գնահատել են 3,4-4,5 տոկոս։
Պատրաստեց Արման Գրիգորյանը