ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը պատժամիջոցներ է սահմանել մի շարք իրանական կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապ ունեն Ռուսաստանի զինուժին անօդաչու թռչող սարքերի մատակարարման հետ։
Ըստ նախարարության՝ իրանական դրոնները կիրառվել են Ուկրաինայի քաղաքացիական բնակչության դեմ։ Ամերիկյան պատժամիջոցների «սեւ ցուցակում» են հայտնվել Shahed անօդաչուները մշակող եւ արտադրող Shahed Aviation Industries գիտահետազոտական կենտրոնը, ինչպես նաեւ Success Aviation Services FZC եւ «i Jet Global DMCC» ընկերությունները, որոնք, ըստ ամերիկյան ֆինանսական գերատեսչության, իրականացրել են իրանական անօդաչուների տեղափոխումը Ռուսաստան։
Ամերիկյան պատժամիջոցների «սեւ ցուցակում» են հայտնվել նաեւ Աբբաս Ջուման եւ Տիգրան Սրապիոնովը: Վաշինգտոնի տեղեկություններով՝ իրանական դրոնները նրանց միջոցով են հասել ռուսական մասնավոր ռազմական «Վագներ» ընկերությանը, որի զինյալները մասնակցում են Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը