Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում մշակվել է էներգամատակարարման «այլընտրանքային» ցանց, որը, սակայն, հնարավոր կլինի գործարկել պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո միայն։
Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի թիրախավորումը Ռուսաստանի ձեռքի տակ եղած միակ հզոր զենքն է: «Եթե հաղթահարենք այս ձմեռը, իսկ մենք միանշանանակ այն կհաղթահարենք, ապա կհաղթենք նաեւ պատերազմում»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:
Կիեւն ավելի վաղ հայտարարել էր, որ նոյեմբերի 15-ին ուկրաինական էներգահամակարգը ենթարկվել է պատերազմի սկզբից ի վեր ամենազանգվածային հարձակմանը: Ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են ավելի քան 90 հրթիռ, վնասվել է 30-ից ավելի օբյեկտ։
Պենտագոնի տվյալներով՝ ռուսական հարվածների հետեւանքով Ուկրաինայի բնակչության ավելի քան մեկ քառորդը զրկվել է էլեկտրականությունից։