ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցման գործընթացին։
Դոնֆրիդը նշել է, որ ԱՄՆ-ը դրական է գնահատում հարաբերությունների կարգավորման շուրջ հայ-թուրքական երկխոսությունը եւ երկու կողմերին հասկացրել է, որ Վաշինգտոնը ձգտում է օգտակար դեր խաղալու։
Պետքարտուղարի օգնականի համոզմամբ՝ գործընթացն ունի ներուժ՝ բարձրացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը եւ հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման:
Ըստ ամերիկացի դիվանագետի՝ դա ավելի կարեւոր է հիմա՝ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի չհրահրված, դաժան պատերազմը։ Նա շեշտել է, որ ավելի լայն իմաստով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությանն աջակցությունը ճիշտ քայլ է եւ բխում է մեր ազգային անվտանգության շահերից։
«Եթե Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կնքեն, անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն է՛լ ավելի կարեւոր կդառնա, քանի որ ամրապնդում ենք յուրաքանչյուր երկրի վստահությունն ու կարողությունը՝ ազատորեն իրականացնելու իր ինքնիշխանությունը հարեւանների հետ խաղաղության պահպանման հարցում»,- ընդգծել է պետքարտուղարի օգնականը։