Ֆինլանդիայի կառավարությունն առաջարկել է Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով պարիսպ կառուցելու համար 139 միլիոն եվրո հատկացնել։
Հելսինկին նախագծի քննարկումները սկսել է Ուկրաինա ՌԴ ներխուժումից անմիջապես հետո: Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը Ռուսաստանի հետ սահմանի հարավարեւելյան հատվածը պարսպապատելու առաջարկն արել էր սեպտեմբերին։
Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի միջեւ ցամաքային սահմանի երկարությունը մոտ 1300 կմ է: Ըստ նախագծի՝ կպարսպապատվի սահմանի 10-20 տոկոսը կամ 130-260 կիլոմետրը: Շինարարությունը մինչեւ չորս տարի կտեւի։ Սահմանապահ ծառայությունը կարծում է, որ պարիսպը կնվազեցնի սահմանն ապօրինի հատելու ռիսկը։
Պարիսպը մի քանի մետր բարձրություն կունենա, վերեւում փշալարերով պատնեշ կկցվի: Բացի դրանից՝ պարսպի ամբողջ տարածքը տեխնիկական հսկողության տակ կլինի։