ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հայտարարել է, թե Մինսկի խմբի մեխանիզմն այլեւս չի գործում, եւ Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի եւ Երեւանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ «Կարծում եմ, դա զարգացել է այն աստիճան, որ մենք կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ տալ այս մանդատին»,- ասել է նա։
Ամերիկացի դիվանագետը միանշանակ ճիշտ է ՄԽ մեխանիզմների չգործելու մասին գնահատականներում։ Միայն թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ թե վերջերս է սկսել չգործել, այլ արդեն շատ վաղուց՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։ Իսկ այս տարվա փետրվարից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից կարճ ժամանակ անց, Մինսկի խմբի մասին խոսելն ավելորդ էր։
ՄԽ վախճանը դեռ այս տարվա գարնանը «պաշտոնապես» գուժեց Ռուսաստանը․ ապրիլին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել էր այդ մասին․ «Մինսկի խմբում մեր ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերները ռուսաֆոբիայի թնջուկի մեջ են՝ փորձելով չեղարկել Ռուսաստանի Դաշնությանն առնչվող ամեն ինչ. ասացին, որ մեզ հետ չեն շփվելու նաեւ այդ ձեւաչափով»:
Հետո արդեն ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւը նշանակվեց Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով։ Ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահներն այս ընթացքում առանձին-առանձին էին այցելում տարածաշրջան։
Եվ այս ընթացքում միայն Հայաստանն է եղել, որ այդպես էլ չի հավատացել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության վախճանի մասին լուրերին։ Ընդհակառակը՝ Երեւանն ապարդյուն փորձեր էր անում՝ վերակենդանացնելու այդ կառույցը․ հիշո՞ւմ եք՝ խաղաղության գործընթացի վերաբերյալ ադրբեջանական հինգկետանոց առաջարկին Հայաստանն արձագանքեց՝ դիմելով ԵԱՀԿ ՄԽ միջնորդությանը։ Իսկ Արարատ Միրզոյանը Լավրովի հետ ապրիլյան հանդիպմանը փորձում էր համառել. թե՝ «Ինձ այլ նորություններ են հասնում։ Միջազգային հանրությունը շարունակում է տեսնել ԼՂ հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում»:
Բայց եղավ այն, ինչ պետք է լիներ։ Ռուս-ուկրաինական ճգնաժամի հետեւանքով ստեղծված աշխարհաքաղաքական լարված իրավիճակում դժվար էր պատկերացնել ԼՂ խնդրում որեւէ համագործակցություն։ Ընդհակառակը, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ բացահայտ դիմակայությունը տեղափոխվել է նաեւ այս տարածաշրջան։ Եվ հիմա նրանք մրցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի մոդերատորի դերը ստանձնելու համար՝ շատ հաճախ գործելով միմյանց դեմ։
Ստեղծված իրավիճակը կարծես ձեռնտու է կողմերին՝ բացի Հայաստանից։ Պատահական չէ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն այսօր դեմ է Ադրբեջանը․ Ալիեւը մեկ անգամ չէ, որ հայտարարել է այդ մասին․ հոկտեմբերին էլ նա ասել էր, թե «Բաքուն կընդդիմանա ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերին»։
Հետաքրքիր է՝ երբ կազդարարվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության պաշտոնական վախճանը: Ամեն դեպքում դեռեւս պաշտոնապես չեն չեղարկվել 1994 թվականի բուդապեշտյան գագաթնաժողովում ընդունված փաստաթղթերը, համաձայն որոնց՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը տրվել է ԼՂ խնդրի լուծման մանդատ:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: