Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում նոյեմբերի 9-ի վաղ առավոտը բարի չէր։ Զարհուրելի, անմարդկային ոճիր էր կատարվել։ Իրենց տանը խոշտանգված մոր՝ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի ու նրա երկու երեխաների անշնչացած մարմիններն էին գտել։ Հանցագործությունն առավել անընկալելի ու զազրելի դարձավ, երբ պարզվեց, որ ոճրագործը սպանելուց առաջ 11-ամյա աղջնակի հանդեպ սեռական բռնություն է գործադրել։
Հասարակության առաջին արձագանքն այն էր, որ ոճրագործը թուրք է, որը, սահմանը խախտելով, գյուղ է մտել եւ պատահական է ընտրել տվյալ բնակարանը։
Պեմզաշենում մարդիկ ահաբեկված էին։ Պատմեցին, որ վախից կարկամել են, դուռ-լուսամուտը օրը ցերեկով փակում են, երեխաներն էլ հրաժարվում են դպրոց գնալուց։ Սպանված կնոջ ու երեխաների մասին պեմզաշենցիները միայն գովեստի խոսքեր էին ասում։ Պատմեցին, որ երեխաների հայրը արտագնա աշխատանքի է մեկնել եւ դեպքի մասին լսելուն պես վերադարձել է։
«Օրինակելի, սիրով ընտանիք էին, ո՞ւմ էր պետք այս անմեղ երեխաների արյունը»,- արցունքն աչքերին պատմում էին գյուղի կանայք։ Նրանցից ոմանք էլ ասում էին, որ վտանգը բոլորի գլխին է կախված․ «Ինչո՞ւ պետք է իրենց երկրում աշխատանք չունենան, որ տղամարդիկ երիտասարդ հարսներին ու մատղաշ երեխաներին միայնակ թողնեն ու գնան մի կտոր հաց վաստակելու»։
Հուղարկավորությունից ժամեր անց ՀՀ քննչական կոմիտեն տեղեկություն տարածեց, որ առերեւույթ հանցագործը Պեմզաշեն գյուղի «էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ տառապող 32-ամյա բնակիչ է, որն, ի դեպ, մասնակցել էր հուղարկավորությանը, մխիթարանքի խոսքեր ասել սպանված զավակների հորը։
Ավելի ուշ ձերբակալվեց պեմզաշենցի եւս մեկ տղամարդ, որը նախորդ ձերբակալվածի ազգականն է։ Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը գողությունն է եղել, որը վերածվել է սարսափելի ոճրի։
Մորն ու զավակներին հուղարկավորեցին, դեպքի բացահայտման գործում արդյունավետ մասնակցություն ունենալու, ներդրած ջանքերի համար էլ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով պարգեւատրեցին մի շարք աշխատակիցների:
Հասարակության մեջ ակտիվ քննարկվում է մեկ վարկած եւս, որ պատերազմներից հետո հանցագործությունների թիվն աճում է։ Պատմաբան Գագիկ Համբարյանին հարցրինք, թե կա՞ նման միտում։ «Այո՛, պատերազմներից հետո հիմնականում աճում է հանցագործությունների թիվը, բայց այլ պատճառով»։ Պատմաբանն ասում է՝ պատերազմի մասնակիցները, վերադառնալով քաղաքացիական կյանքին, դժվարությամբ են հարմարվում նոր պայմաններին։ Պատերազմով պայմանավորված՝ որոշ հոգեբանական խնդիրներ են առաջանում, եւ մարդը մտածում է՝ այն, ինչ կարելի էր ռազմի դաշտում, թույլատրելի է նաեւ քաղաքացիական կյանքում։ Պարոն Համբարյանը Պեմզաշենի հանցագործության եւ հետպատերազմական իրավիճակի միջեւ կապ չի տեսնում։ «Սա զարհուրելի հանցագործություն էր։ Հանցագործը հոգեկան շեղումներ ունի»։
Հանրության զարգացման մոդելավորման փորձագետ Արթուր Գեւորգյանն այլ կարծիք ունի․ «Ցանկացած երկրում պատերազմն ու ծանր ֆորսմաժորային իրավիճակը հետք են թողնում հասարակության գիտակցության վրա։ Կայուն զարգացման միջավայրում իրավիճակը վերահսկելի է։ Երբ կայունության ուղեծրից երկիրը դուրս է գալիս, հասարակությունը չի կարող վերահսկվել»։
Ըստ փորձագետի՝ հասարակության տարբեր շերտերում դեգրադացում է սկսվում, երբ ապագայի ու ներկայի միջեւ ճեղքվածք է գոյանում, հասարակության որոշ տարրեր սկսում են ապրել միայն ներկա պահով։ Գեւորգյանը շտապեցնում է՝ հասարակությանը բժշկել է պետք․ «Եթե պետությունը իրավիճակը թողնի ինքնահոսի, միեւնույնն է, ժամանակի հետ այդ առողջացումը տեղի ունենալու է, բայց ինչ կկորցնենք այդ ընթացքում՝ սա է խնդիրը»։
Որ դեռեւս նման բռնկումների ականատես կլինենք, փորձագետը չի բացառում, հորդորում է պետությանն ու իրավապահ մարմիններին հստակ գիտակցել իրենց անելիքն ու աչալուրջ լինել։
Մարդիկ լուռ են, դեպքի մասին էլ հրաժարվում են խոսելուց, Արթուր Գեւորգյանը դա անտարբերություն չի որակում։ «Ավելի շուտ ահաբեկվածություն ու վախ է։ Յուրաքանչյուրն է մտահոգ, թե ինչով են ինքն ու իր ընտանիքն ապահովագրված նման դեպքերից»։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։