Ըստ ամերիկյան CNN-ի՝ Շվեդիայի դատախազությունը հաստատել է, որ Բալթիկ ծովով Ռուսաստանը Գերմանիային կապող «Հյուսիսային հոսք-1» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարներում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած պայթյունները դիվերսիա են։ Շվեդիայի անվտանգության ծառայությունը «Հյուսիսային հոսքերի» վթարի վայրում՝ Բորնհոլմ կղզու շրջանում, հետաքննությունն ավարտել է հոկտեմբերի 6-ին։
Դանիայի եւ Շվեդիայի իշխանությունները հայտարարել էին, որ «Հյուսիսային հոսքերում» արտահոսքը եղել է մի քանի հարյուր կիլոգրամ տրոտիլ հզորությամբ երկու պայթյունների պատճառով։ Գերմանիան, Դանիան եւ Շվեդիան դեռ սեպտեմբերին չէին բացառել նպատակաուղղված դիվերսիայի տարբերակը։
Նախաքննությունը ղեկավարող դատախազ Մացա Յունգքվիստը հայտնել է, որ միջադեպը կոպիտ դիվերսիա է: Նա հավելել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են պայթուցիկների հետքեր, սակայն կասկածյալներին հայտնաբերելու համար նախաքննությունը դեռ կշարունակվի:
Շվեդիայի դատախազությունը հրաժարվել է այլ մեկնաբանություններ տալուց: Իր հերթին Եվրահանձնաժողովը հայտնել է, որ տեղեկացված է Շվեդիայի դատախազության զեկույցի մասին, սակայն հրաժարվում է մեկնաբանություններ տալուց, քանի որ նախաքննությանը կողմ չէ:
Կարեւոր է գտնել նաեւ պայթյունների հետեւում կանգնածին. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է, որ Շվեդիան հաստատել է «Հյուսիսային հոսքերի» վրա հարձակումների՝ ահաբեկչության վարկածը, կարեւոր է գտնել նաեւ դրանց հետեւում կանգնածին: