ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սեւանա լճում հանգիստն ավելի անվտանգ կազմակերպելու համար ՀՀ ոստիկանությունը ջրային պարեկային ծառայություն կստեղծի, եւ կմշակվի համապատասխան հայեցակարգ: Պարեկային ծառայողների շարքերից ջրային պարեկներ են ընտրվելու, որոնք վերապատրաստվելու են, ձեռք են բերելու անհրաժեշտ գիտելիքներ՝ ջրային փոխադրամիջոցներ վարելու հմտությունից մինչեւ փրկարարական օգնություն:
Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, պարեկային ծառայության եւ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը ապագա պարեկներին ներկայացրել են ջրային պարեկ դառնալու կարգն ու նրանց գործառույթները։
Արփինե Սարգսյանը նշել է, որ ջրային պարեկները հնարավորություն կունենան Սեւանա լճի մակերեւույթին իրականացնելու համապատասխան ծառայություն: Ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը նշել է, որ ծառայությունը ներառելու է որոշակի տարածություն լողալու հմտություններ, ջրի մեջ կանգնելու, մնալու եւ սուզվելու հմտություններ: Այդ բոլոր չափորոշիչներին համապատասխանելուց հետո կսկսվեն միջազգային ստանդարտներին համապատասխան վերապատրաստումներ:
Սկզբնական փուլում ջրային պարեկային ծառայության առաջնային գործառույթներն են լինելու Սեւանա լճում պարեկությունը, ձկնագողության դեմ պայքարը, ամռան ամիսներին հանգստացողների անվտանգության ապահովությունը։ Հետագայում ջրային պարեկային ծառայությունը կներդրվի նաեւ ջրային ռեսուրսներ ունեցող այլ տարածքներում: