ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանում անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի ագրեսիային, հայտարարել է, որ լարվածությունն այսօր էլ պահպանվում է սահմանին, իսկ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել։
«Ողջունում ենք, որ բազում երկրներ ճանաչել են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փաստը եւ պահանջել ադրբեջանական ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից»,– ասել է Միրզոյանը։
Նա վստահեցրել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտությանն առնչվող բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ ԼՂ բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովմանը։ Նախարարը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը շնորհակալություն է հայտնում միջազգային այն գործընկերներին, որոնք ջանքեր են գործադրում դրան հասնելու համար։
ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների, հայ գերիների, ներառյալ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինուժի գործած սոսկալի վայրագությունների մասին։
Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին շնորհակալություն է հայտնել այս դժվարին շրջանում կազմակերպության գործունեությունը պատշաճ կերպով ապահովելու, կարեւոր բարեփոխումներ իրականացնելու համար։