Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումը, կարծես, ոչ միայն սառեցվում է, այլեւ հետաձգվում անորոշ ժամանակով։ Առաջին նշաններն արդեն Սոչիից եկան, երբ հայտարարվեց, որ երկու կողմերը ընդունում ու կարեւորում են ռուս խաղաղապահների ներկայությունը՝ լեգիտիմացնելով կոնֆլիկտի գոյությունն ու փոխադարձ անլուծելի խնդիրները։
Մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումը թե՛ կազմակերպող կողմը, թե՛ հայաստանյան հասարակության որոշ խմբեր դրական դինամիկայի հույս ունեին։ Սակայն իրավիճակը արմատապես փոխվեց, ընդ որում՝ տարօրինակ զարգացումներով։
Նախ հանդիպումից օրեր անց Իլհամ Ալիեւը Շուշիի իր ելույթում, ապա Նիկոլ Փաշինյանը կտրուկ սրեցին իրենց հռետորաբանությունը։ Ալիեւը Շուշիում հատուկ ռազմական համազգեստով ու պատերազմական հռետորաբանությամբ սկսեց հոխորտալ թե՛ Հայաստանի, թե՛ նրա «հովանավորների» դեմ. «Ադրբեջանական բանակն այժմ ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ, եւ դա պետք է իմանան բոլորը։ Հայաստանում ռեւանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, եւ Բաքուն պետք է պատրաստ լինի հետ մղելու թշնամական գործողությունները»,- հայտարարեց Ալիեւը՝ հընթացս հիշեցնելով, որ «ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքները Բաքվի վերահսկողության տակ են, եւ Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ է դա նշանակում»։
Հայկական կողմի պատասխանը երկար սպասել չտվեց։ Հաջորդ իսկ օրը՝ Կառավարության նիստում, վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Ալիեւը ոչ միայն սպառնում է, այլեւ արդեն նախապատրաստում ԼՂ հայության ցեղասպանություն»։
Մեզանում «ցեղասպանություն» տերմինի հետ կապված ցանկացած հիշատակություն բացարձակ միարժեքություն ունի եւ «ուժեղ իմաստով լիցքավորված» հստակ բացասական տրամադրություններ է շեշտում։
Ցեղասպանության մասին խոսելը կարելի է մեկնաբանել որպես արցախահայության եւ Արցախի խնդրում Ադրբեջանի հետ բանակցության անհնարինության ցուցիչ։ Այսպիսի բառապաշարը, անկախ նրանից՝ որքանով է հիմնավորված, փակում է բանակցությունների բոլոր հնարավոր դռները։
Ահա այս համատեքստում եւ, հավանաբար, այս ամենը հաշվի առնելով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ ունեցավ նախ Փաշինյանի, ապա Ալիեւի հետ՝ ուղղակիորեն հորդորելով նրանց շարունակել բանակցությունները, չթուլացնել տեմպը, պահպանել հրադադարն ու սահմանափակել սահմանային սադրանքները։
Դրան էլ արդեն հետեւեց Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում՝ կարծես թե անառիթ (բյուջեի քննարկման ժամանակ), բայց շատ հասցեական։ «Հայաստանի քաղաքական դաշտում ԼՂ հարցով գրեթե կոնսենսուսային վիճակ է՝ նկատի ունենալով ռուսական առաջարկների ընդունելիությունը»,- հայտարարեց Փաշինյանը։
Հայկական կողմը նախ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ապա Փաշինյանի շուրթերով հայտարարեց, որ Հայաստանը առաջ է քաշում ոչ թե կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների հարցը, եւ որ առանց այդ հարցերի չի կարող քննարկվել հայ-ադրբեջանական ապագա խաղաղության պայմանագիրը։
Ստացվում է լենինյան հայտնի մոդելը՝ մի քայլ առաջ, երկու քայլ հետ։ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ երկխոսության մեջ են մտնում, հանդիպում ԱՄՆ նախաձեռնությամբ, բայց վերադառնալուց հետո Ադրբեջանը սպառնում է նոր պատերազմով ու միջանցքով, իսկ Հայաստանը խոսում ԼՂ հայերի ցեղասպանության վտանգից։
Իրավիճակի դրամատիզմն էլ այն է, որ Հայաստանը, խոսելով ԱՄՆ միջնորդության ու դերակատարման մասին, միաժամանակ հայտարարում է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ընդունում են ռուսական առաջարկը։
Եվ համաձայնում են Արցախի կարգավիճակի առկախմանը՝ ապագային թողնելուն, բայց եւ միանգամից՝ հաջորդ իսկ օրը, խոսում Արցախի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցերից։
Այսպիսի երկվությունը լավ կյանքից չէ, Հայաստանը ստիպված է խաղալ բոլոր սեղանների վրա, փորձել համադրել կամ առնվազն շրջանցել թե՛ ամերիկյան, թե՛ ռուսական միջնորդությունները։ Բայց ինչպե՞ս կարելի է համադրել առաջարկները, որոնց հովանավորները կամ, իշխանությունների ասած, «խաղաղության պայմանագրի անհրաժեշտ երաշխավորները» հակադիր են միմյանց, իսկ ներկա պահին միակ միավորող ֆորմատը՝ Մինսկի խմբի ձեւաչափը, համարվում է մեռած։
Եթե մինչ այդ Մինսկի խմբի ձեւաչափի չգոյության մասին սինխրոնացել էր Ռուսաստանի եւ Ադրբեջանի խոսույթը, ապա հիմա դրան միացել է նաեւ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիկերը՝ ասելով, որ Մինսկի խումբը չի գործում. ահա հնարավոր համագործակցության գերեզմանաքարը, առնվազն հիմա, քանի դեռ ուկրաինական ճակատում պատերազմ է, եւ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը աննախադեպ հակադրության մեջ են։
Իրավիճակը փակուղային է: Հայաստանը խոսում է արցախահայության իրավունքների եւ անվտանգության մասին, պահանջում, որ լինեն միջազգային երաշխիքներ եւ երաշխավորներ, իսկ Ադրբեջանն այդ ամենը համարում է իր ներքին գործն ու պնդում, որ ինքն ուղիղ կխոսի արցախահայերի, բայց ո՛չ «Մոսկվայից ուղարկված Վարդանյանի նմանների» հետ։
Ահա այսպիսի հակադրությունների արդյունքում է, որ Հայաստանը Մարկեսի հայտնի վեպի՝ «Մի հայտարարված սպանության խրոնիկա»-ի նման ամեն օր սպասում է Ադրբեջանի նոր ագրեսիային, նոր կարճատեւ պատերազմի եւ զինվում բոլոր հնարավոր մեթոդներով՝ հասկանալով, որ այս փուլում չեն համադրվում կողմերի պահանջներն ու ակնկալիքները, իսկ ցանկացած սառեցում ու բանակցությունների տապալում նշանակում է նոր պատերազմ եւ նոր զոհեր։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։