Բագրատունիների թագավորությունը կործանվել է 1045 թվականին։ Հայաստանի տարածքում ազգային պետությունը վերականգնվել է 1918-ին։ Եվ եթե հաշվի առնենք, որ 11-րդ դարի սկզբին Բագրատունիների թագավորությունն այլեւս մեկ-միասնական-ամբողջական պետություն չէր, արդեն մասնատված էր «հայրենակալվածքային իշխանությունների», կստացվի, որ մենք գրեթե ինը հարյուր տարի գոյատեւել ենք որպես պետականազուրկ հանրություն։ Երբ թուրքերը գրավեցին Կոստանդնուպուլիսը, դրանից չորս դար առաջ մենք արդեն կորցրել էինք պետականությունը։
Բագրատունիների մայրաքաղաք Անին թուրքերը մեզնից չէ, Բյուզանդիայից են գրավել։ Տարածքի իրավունքը տալիս է ոչ թե պատմությունը, մշակույթը, դեմոգրաֆիան, այլ պետական տիտղոսը։ Կազանը թաթարական քաղաք չէ, ռուսաստանյան է, թեեւ մոտ երեք հարյուր տարի Ռուսաստանը Ոսկե հորդայի հարկատուն է եղել։ 1878-ին օսմանյան Կարս քաղաքը դարձել է ռուսական, ռուսաստանյան։ 1919-ին Կովկասում Մեծ Բրիտանիայի ռազմական ներկայացուցչությունը Կարսը հանձնել է Հայաստանին, որովհետեւ Օսմանյան կայսրությունը պարտվել էր, զինադադարի պայմանագրով պարտավորվել էր զորքերը հեռացնել մինչեւ Անատոլիա։
Բայց մինչ այդ՝ 1918-ի սկզբներին, բոլշեւիկները Բրեստի պայմանագրով Կարսը հանձնել էին Օսմանյան կայսրությանը։ Եվ երբ քեմալական շարժումը զորացավ, թուրքերը 1920-ի աշնանը գրավեցին Կարսը, վերստին դարձրին թուրքական քաղաք։ Մինչեւ ե՞րբ ենք մենք կյանք մտնող նոր սերնդին նույն հեքիաթը կրկնելու, թե Ստալինը Կարսը եւ Իգդիրը նվիրեց Թուրքիային, որպեսզի Բաթումը տա Վրաստանին։ Ստալինը մեծ հաշվով թքած ուներ վրացիների եւ Վրաստանի վրա, ինչպես Անաստաս Միկոյանը՝ հայերի եւ Հայաստանի։ Բաթումը բոլշեւիկներին պետք էր որպես սեւծովյան նավահանգստային քաղաք, դրա համար էլ պահեցին իրենց։ Բոլշեւիկները Նախիջեւանի նկատմամբ Թուրքիայի իրավունքը ճանաչեցին, բայց ամբողջական Զանգեզուրը մասնատեցին խորհրդային Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։
Որովհետեւ քեմալա-բոլշեւիկյան ֆլիրտն ավարտվում էր, Թուրքիան սկսել էր մերձենալ բրիտանացիների հետ, եւ ստեղծվել է Մեծ Թուրանը մասնատող «անիծյալ սեպը»։ (Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելն այդպես էր անվանում Սյունիքը)։ Սյունիքի եւ Հայկական ԽՍՀ-ից ժառանգած ամբողջ տարածքի նկատմամբ Հայաստանի իրավունքը պատմական չէ, նույնիսկ էթնիկ-քաղաքակրթական չէ, տիտղոսային է, որ ճանաչված է 1991-ի ԱՊՀ կազմավորման Հռչակագրով, կից արձանագրությամբ եւ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ։
Լրատվամիջոցներից մեկը իշխանություններին (վերջին օրերին՝ նաեւ ընդդիմությանը) նշավակում է, որ «հայկական իրավունքներին տեր չի կանգնում»։ Իսկ Արա Պապյանը նույնիսկ միանշանակորեն «հավաստիացնում է», որ «Նախիջեւանը դե-յուրե Հայաստանի տարածք է»։ Ինչպե՞ս՝ հիմնավորում չկա։ Նախիջեւանը, ավելի ճիշտ՝ նախկին ցարական Ռուսաստանի Երեւանի նահանգի Նախիջեւանի գավառը Հայաստանի առաջին հանրապետության իրավազորության տակ է ճանաչվել 1919-ին, բայց փաստացի Երեւանից չի կառավարվել։ 1920-ի օգոստոսի 10-ի ռուս-հայկական զինադադարի Համաձայնագրով Նախիջեւանը ճանաչվել է բոլշեւիկների կողմից «ժամանակավորապես գրավված»։
1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանը քեմալականների պահանջն ընդունել է, որ Նախիջեւանում պետք է հաստատվի թուրքական պրոտեկտորատ։ Մոսկվայի «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրով Թուրքիան այդ պրոտեկտորատը զիջել է խորհրդային Ադրբեջանին, ինչը վերջնականապես հաստատվել է Կարսի 1921 թվականի հոկտեմբերի 13-ի պայմանագրով։
Սա է իրավա-քաղաքական փաստը։ Եվ որեւէ նշանակություն չունի բարձրացված հարցը, թե ինչ իրավունքով է Նախիջեւանը Խորհրդային Ադրբեջանի կազմում հռչակվել ինքնավար հանրապետություն։ Նման հարցերը կարգավորվում էին ԽՍՀՄ սահմանադրությամբ։ Հետեւաբար, Մոսկվան նույնպես շահագրգռված է եղել, որ պաշտոնապես «Նախկրայ» (Նախիջեւանի երկրամաս) կոչված տարածքը կազմավորվի որպես ինքնավար հանրապետություն։
«Իմ ազատության սահմանը քո ազատությունն է»,- հարցազրույցներից մեկում Հրանտ Մաթեւոսյանն այսպես է ձեւակերպել ժողովուրդների եւ առհասարակ մարդկային համակեցության իր ընկալումը։ Թույլ եմ տալիս ենթադրել, որ նկատի է ունեցել նաեւ «պատմական իրավունքի սահմանը», որ շատ հաճախ կամ գրեթե բոլոր դեպքերում «երկսայրի սուր է»։ Ամենաթարմ օրինակը Պուտինի «Նովոռուսիա» նախագիծն է, որ թվում էր արդեն կյանքի կոչված, բայց փլվեց ստվարաթղթե տնակի պես, որովհետեւ եթե պատմությունը չափանիշ է, ապա ինչ-որ ժամանակ Ռուսիայի մայրաքաղաքը Կիեւն է եղել, եւ բուն Ռուսիան հենց այդ քաղաքակրթության՝ ուղղափառ-բյուզանդական քրիստոնեության երկիրն էր, ոչ թե ռուս-թաթարական «սիմբիոզը»։
Ծանր բանակցություններից հետո Ադրբեջանը ճանաչել է ԱՊՀ կազմավորման պահի իրողությունները։ Բայց դա «օդում կախված» համաձայնություն է, որ իրավա-պայմանագրային տեսքի պիտի բերվի։ Անմիջապես հետեւում է հարցադրումը․ «Առանց Արցախի՞»։ Արցախի մեր իրավունքը 120 հազար հայ մարդու Արցախում անվտանգ ապրելն է։ Այս փուլում այդպես է։ «Հայկական իրավունքի» բարդույթը ոչ մի տեղ չի տանում կամ տանում է դեպի նոր առճակատում, որ մեզ կարող է վերադարձնել 1918-ի Բաթումի պայմանագրի իրողություններին։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։