Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացման շուրջ: Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:
Հայաստանի եւ Մոնտենեգրոյի վարչապետները հանդիպմանն ընդգծել են` երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա են հարուստ մշակութային կապեր, որոնք պետք է խորացնել եւ ամրապնդել: Հետաքրքրական է համարվել զբոսաշրջության, ավիահաղորդակցության, ինչպես նաեւ տնտեսության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ճյուղերում համատեղ ծրագրերի նախաձեռնումը:
Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ-ում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կանադայի վարչապետը հայտնել է իր գլխավորած կառավարության պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը` նպաստելու Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ու երկկողմ փոխգործակցության զարգացմանը:
«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարության ամրապնդմանը, մեր տնտեսությունների աճին եւ Կովկասում խաղաղության ու անվտանգության խթանմանը։ Սա այն է, ինչ այսօր քննարկել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Շարունակելու ենք ընդլայնել մեր երկրների միջեւ գործընկերությունը»,- Փաշինյանի հետ հանդիպումից հետո իր թվիթերյան գրառման մեջ նշել է Կանադայի վարչապետը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը զրուցակիցները կազմակերպությանն առնչվող առաջնահերթություններին եւ հետագա ծրագրերին վերաբերող հարցերից բացի մտքեր են փոխանակել նաեւ հոկտեմբերին Պրահայում Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի ղեկավարների եւ Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Կարեւորվել է Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը: Հայաստանի եւ Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են նաեւ հայ-ֆրանսիական երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: