Կատարի մայրաքաղաք Դոհայում նոյեմբերի 20-ին մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը: Մունդիալ-2022-ի բացման պաշտոնական արարողությունը սկսվել է Երեւանի ժամանակով 19:00-ին, որին 20:00-ին կհաջորդի բացման՝ Կատար-Էկվադոր հանդիպումը:
Աշխարհի այս առաջնությունը բացառիկ է, քանի որ ամռան փոխարեն անցկացվում է աշնանն ու ձմռանը: Կատարում նոյեմբերին օդի ջերմաստիճանը 20-30°C է: Ամռան՝ 0-50°C բարձր անտանելի շոգերը նկատի առնելով էլ որոշվել է առաջնությունն անցկացնել նոյեմբեր-դեկտեմբերին:
22-րդ մունդիալը բացառիկ է նաեւ նրանով, որ առաջին անգամ է անցկացվում արաբական երկրում եւ երկրորդ անգամ՝ ասիական երկրում (առաջինը Կորեայում եւ Ճապոնիայում էր 2002-ին):
Մունդիալի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:
4 ընկերական հանդիպում, 4 ընկերական հաղթանակ
Կատարը աշխարհի առաջնություն ընդունող ամենափոքր տարածք եւ քիչ բնակչություն ունեցող երկիրն է: Առաջնության կազմակերպիչները նախապատրաստության համար ավելի շատ գումար են ծախսել, քան նախորդ 21 առաջնությունները միասին:
Կատարցիներն առաջին անգամ են մասնակցում աշխարհի առաջնությանը, ուստի նրանց համար ամեն ինչ առաջինը կլինի բացման խաղում՝ խփած կամ բաց թողած գոլը, վաստակած միավորը, հարվածը դարպասին, անկյունայինը եւ այլն: Կատարի հավաքականը հոկտեմբեր-նոյեմբերին անցկացրել է 4 ընկերական հանդիպում, որոնցում տարել է նույնքան հաղթանակ:
Աշխարհի այս առաջնությունը վերջինն է, որին մասնակցում են 36 թիմեր: Գալիք աշխարհի առաջնություններին կմասնակցի 48 թիմ:
Դոհան 2022-ին՝ Մունդիալ 22-ին ծախսել է 220 միլիարդ դոլար
Առաջնության կազմակերպման վրա տանտերերը ծախսել են մոտ 220 միլիարդ դոլար: Համեմատության համար նշենք, որ 2018-ի աշխարհի առաջնության նախապատրաստման համար Ռուսաստանը ծախսել էր 14,2 միլիարդ դոլար: 220 միլիարդ դոլարից 10 միլիարդը հատկացվել է 8 մարզադաշտերի կառուցմանը, մնացածը ծախսվել է նոր հյուրանոցների, մետրոյի կայարանների, ճանապարհների, օդանավակայանների եւ այլ անհրաժեշտ շինությունների կառուցման համար:
Աշխարհի բուն առաջնության կազմակերպման բոլոր ծախսերը հոգում է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան: ՖԻՖԱ-ն տրամադրել է 1,7 միլիարդ դոլար եւ ակնկալում է ստանալ մոտ 3 միլիարդ դոլարի շահույթ:
Մունդիալ 22-ում բացառիկ է նաեւ այն, որ ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունն անցկացվելու է փակ եւ հատուկ օդորակման համակարգով՝ հսկայական օդորակիչներով կահավորված մարզադաշտերում: Օդը կմաքրվի ու կսառեցվի չափազանց թանկ, գերարդիական սարքավորումներով: Ամբողջ համակարգին անհրաժեշտ հսկայածավալ էլեկտրաէներգիան կարտադրեն տանիքներին տեղադրված արեւային վահանակները: