Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում նոյեմբերի 20-ին ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ընդունվել է «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձեւը, որով անդամ երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին։
Բանաձեւը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայի, հատկապես դրա հետեւանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։
Կազմակերպությունը քաջալերել է կողմերին եւ հորդորել խաղաղ եւ տեւական կարգավորման ուղղությամբ առավելագույն ջանքերը գործադրել՝ հարգելով միջազգային իրավունքի, ներառյալ տարածքային ամբողջականության եւ միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքները եւ կոչ արել խստորեն հարգելու հրադադարը։
Ընդգծվել է նոր սրացումից խուսափելու կարեւորությունը եւ կոչ արվել լիարժեք իրագործելու 2020-ի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունը եւ ողջունել գործադրվող ջանքերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման ուղղությամբ։ Կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել ռազմագերիների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ անհետ կորած անձանց ճակատագրի, ինչպես նաեւ մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ։