Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանի հետ:
Ամիր Աբդոլահիանը հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել երկու բարեկամ եւ հարեւան երկրների միջեւ սերտացող հարաբերությունների կապակցությամբ: Նա հայտարարել է, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսի գրասենյակի բացումը կարեւոր գործնական քայլ էր, որը երկու երկրները ձեռնարկել են տնտեսական կապերի ընդլայնման եւ գոհացուցիչ հեռանկարի առաջմղման համար:
Հայաստանի փոխարտգործնախարարը հանդիպման ժամանակ եւս կարեւորել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի՝ վերջերս Հայաստան կատարած այցը եւ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի գրասենյակի բացումը՝ հայտարարելով, որ մեծ զարգացում եւ շրջադարձային պահ էր երկկողմ հարաբերություններում։
Մնացական Սաֆարյանը նաեւ բարձր է գնահատել Իրանի սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության եւ նրանց միջազգային սահմանների անփոփոխ կարգավիճակի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ենթակառուցվածքների եւ երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման համար կան լավ հնարավորություններ: Ըստ փոխարտգործնախարարի՝ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն՝ հիմնվելով համատեղ ջանքերի եւ ձգտումների վրա: