Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, թե չի կարծում, որ Իրանն անհրաժեշտ է միջուկային գերտերություն ճանաչել, քանի որ երկրում միջուկային զենքի մշակման վերաբերյալ տեղեկություն չկա:
«Որքա՞ն է Իրանը մոտ միջուկային ռումբի ստեղծմանը» հարցին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը պատասխանել է, որ հարստացված ուրանի արտադրության ներկայիս մակարդակում մեկից ավելի սարք ունենալու համար Իրանն արդեն բավականին նյութ է կուտակել:
«Եթե Թեհրանում նման որոշում ընդունեն, իհարկե: Բայց ոչ մի տեղեկություն չունենք, որը կհաստատեր, թե Իրանն այս պահին միջուկային զենքի մշակման ծրագիր ունի»,- շեշտել է Գրոսին:
«Թեհրանի հետ հարաբերություններում ՄԱԳԱՏԷ-ն հասե՞լ է արդյոք անդառնալի կետին, երբ Իրանը ստիպված կլինեն ճանաչել իբրեւ միջուկային գերտերություն» հարցին ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ասել է, որ դեռ չեն հասել այդ կետին: «Բայց դրան չհասնելու համար պետք է շատ քրտինք թափել»,- եզրափակել է Գրոսին:
Նոյեմբերի սկզբին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել էր, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերաբերյալ Թեհրանը բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները: