Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու աշխարհի 23 երկրի առաջնորդներ կոչ են արել կնքել համավարակի դեմ պայքարի համապարփակ համաձայնագիր, որին միացողների թվում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Հարավային Կորեան: Փաստաթղթում ասվում է, որ ոչ մի երկիր եւ միջազգային կառույց ի վիճակի չէ ինքնուրույն դիմակայել համավարակի սպառնալիքին:
Նախաձեռնողների կարծիքով՝ համաձայնագիրը պետք է օգնի երկրներին ամրապնդելու համագործակցությունը արտակարգ իրավիճակների մասին իրազեկման, տվյալներ եւ հետազոտական արդյունքներ փոխանակելու հարցում:
Համաձայնագրի նախաձեռնող երկրների առաջնորդները նշել են, որ Երկրորդ աշխարհամարտից ի վեր COVID-19-ը համաշխարհային ամենամեծ խնդիրն է, եւ դրա դեմ կարելի է պայքարել միայն ուժերը համախմբելով: Մասնակից երկրների ներկայացուցիչները շեշտել են պատվաստանյութի արտադրման եւ հնարավորինս արագ կիրառման կարեւորությունը:
Աշխարհում առայսօր COVID-19-ով վարակման 128 միլիոն դեպք է արձանագրվել: Կորոնավիրուսը խլել է մոտ երեք միլիոն մարդու կյանք: Աշխարհում ամենաշատ վարակակիրներ ունեցող երկիրն ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսով հիվանդ է 31 միլիոն մարդ, մահացել է կես միլիոնը: