ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչեւը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավասությանը չի վերաբերում:
«ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրան։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, հայտնի է, որ ամենաանկեղծ ձեւով աջակցում ենք կարգավորմանը։ Ընդ որում՝ մեր ջանքերը հավասարապես պահանջված են ե՛ւ այս, ե՛ւ այն կողմերից։ Այլ կերպ չի էլ կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այդ ճանապարհով»,- ասել է Կոսաչեւը:
Ըստ Կոսաչեւի՝ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ միայն մեկ կողմի աջակցության դիրք զբաղեցնելը կնշանակեր այն ավելի խորացնել:
«Պետք է խաղաղ կարգավորման դիրքորոշում որդեգրել եւ աջակցել, որ այդ կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- շեշտել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահը: