ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 21-ին՝ 22:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 22-ի 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության բանակից եւս հայտնել են, որ նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաեւ Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի 16։50-ից նոյեմբերի 22-ի 01։05-ն իբր կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։