ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) մեկնարկել է «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» նոր ծրագիրը՝ Հայաստանի ջրային ռեսուրսների (խմելու եւ ոռոգման ջրի) արդյունավետ կառավարման, մոտեցումների բարելավման եւ քաղցրահամ ջրային ռեսուրսների պահպանության նպատակով։
Ծրագիրն իրականացնում է «Դելոյթ Քնսալթինգ» ընկերությունը «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կոլորադո Բոլդեր» համալսարանի, «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի» հետ համատեղ։
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնտեսական բաժնի փոխտնօրեն Էնդրյու Գոլդան նշեց՝ ծրագիրն ավարտին կհասցվի 2027-ին, որի համար նախատեսվել է 8,9 միլիոն դոլար։
«ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ նախորդ փաթեթը, որն իրականացվել է ջրային ոլորտում, այժմ թույլ է տալիս ավելի խնայողաբար ծախսել Արարատյան դաշտի ստորգետնյա աղբյուրների՝ խորքային հորերի ջուրը»,- նշեց Էնդրյու Գոլդան՝ հույս հայտնելով, որ առաջիկայում եւս այն շատ արդյունավետ կլինի։
Ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը նշեց՝ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի ամբողջ տարածքում։
«Ծրագրի բաղադրիչներից են նաեւ իրավակարգավորող դաշտի բարելավումը եւ գործող օրենսդրության կիրարկումը, նաեւ պատասխանատու նախարարությունների, շահակիր կողմերի կարողությունների բարձրացման ուղղությամբ ենք աշխատելու, ձգտելու ենք, որ ջրային ոլորտի կառավարումն արդյունավետ ու թափանցիկ լինի։ Նախատեսվում է նաեւ սահմանամերձ համայնքների կարիքներից բխող փոքրածավալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում՝ արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ»,- նշեց Արմեն Վարոսյանը։
Համայնքները կտեղեկացնեն, թե խմելու եւ ոռոգման ջրի ինչ խնդիրներ ունեն, այնուհետեւ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրը կփորձի կարգավորել դրանք։ Նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ 20 հազար բնակիչ կստանա բարելավված ջրամատակարարման ծառայություններ։ Հայաստանը 18 ջրամբարի շինարարություն է պլանավորում, որը հնարավորություն կտա ջրի մեծ պաշար ամբարելու։
Արաքս խոշորացված համայնքի առաջին տեղակալ Վահրամ Հարությունյանը, որ նախկինում եղել է Առատաշեն համայնքի ղեկավարը, հիշեցրեց՝ 2019-ին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ բարելավվել է Առատաշեն համայնքի ջրամատակարարման համակարգը։
Ծրագրի շրջանակում վերակառուցվել էր 10 կմ երկարությամբ ներտնտեսային ցանց` նոր խողովակաշարով, տեղադրվել էին ջրաչափական սարքեր, ներդրվել էր ջրամատակարարման ծառայությունների հաշվառման եւ վճարների հավաքման նոր համակարգ, կառուցվել նոր պոմպակայան եւ քլորակայան:
«Ցանցի բարելավման շնորհիվ համայնքը կարողացավ բավական շատ ջուր խնայել։ Համայնքի 3200 բնակիչ ապահովվեց շուրջօրյա ջրամատակարարմամբ, մինչդեռ նախկինում ջրամատակարարումը 4-ժամյա էր»,- ասաց Վահրամ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ նոր ծրագրի շնորհիվ բազմաթիվ համայնքներ Առատաշենի պես կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, ապա քննարկմանը ներկա համայնքի ղեկավարներին հորդորեց մանրամասն ուսումնասիրել ջրային ոլորտի խնդիրները, ապա ներկայացնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ վստահ լինելով, որ դրանք շուտով իսկապես լուծում կստանան։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։