Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի՝ Ուկրաինայում ՄԱԿ-ի առաքելությունը հաստատում է, որ բռնություններ իրականացնում են ռուսներն ընդդեմ ուկրաինացի գերիների, ուկրաինացիներն` ընդդեմ ռուսների:
ՌԴ-ն ուկրաինական ուժերին մեղադրում է ռուս գերիների մի խմբի մահապատժի ենթարկելու համար՝ այն որակելով որպես պատերազմական հանցագործություն։ Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է՝ ինչպես են ռուս զինվորականները գերի հանձնվում, որից հետո տասը զինվորականներին հրահանգում են պառկել գետնին ու նրանց գնդակահարում են գլխից: Կիեւում պնդում են, որ գերի հանձնվելու պահը «բեմադրել են» ռուս զինվորականները՝ նպատակ ունենալով հարձակում գործելու ընդդեմ իրենց գերի վերցնողների:
ՌԴ ՊՆ-ն տեղի ունեցածը անվանել է «կանխամտածված սպանություն»: Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ ռուս գերիներին սպանելու հարցով Ռուսաստանը միջազգային հետաքննություն է պահանջում:
Գերիները պարբերաբար ենթարկվում են էլեկտրաշոկի եւ ստորացումների
Ուկրաինայում ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է երկու կողմից բանտարկյալների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը տեղեկացրել է որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան հաճախակի կտտանքների են ենթարկում ռազմագերիներին:
ՄԱԿ-ի պաշտոնատար անձինք պնդում են, որ գերիները պարբերաբար ենթարկվում են էլեկտրաշոկի եւ ստորացումների: Ազատ արձակված ուկրաինացի բանտարկյալների ճնշող մեծամասնությունն ասել է, որ իրենց խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի են ենթարկել: Ինը մարդ մահացել է գերության մեջ:
Ի տարբերություն Ռուսաստանի՝ Ուկրաինան թույլ է տվել մուտք գործել կալանավայրեր, որտեղ պահվում են ռուս գերիներ: Կիեւը հայտարարել է, որ կհետաքննի ռուսական սոցցանցերում տարածված տեսագրությունները: Փոխվարչապետ Օլհա Ստեֆանիշինան այդ տեսագրության իսկությունը խիստ կասկածի տակ է առել: Ուկրաինացի զինվորականներին գերիների կյանքը պահպանելու մասին խիստ հրաման է տրվել, որպեսզի հնարավոր լինի նրանց փոխանակել ռուսներից գերեվարված ուկրաինացի զինվորականների հետ: