Ըստ Hürriyet պարբերականի՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն որակված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ նախաձեռնված «Ճանկ-սուր» օպերացիան շարունակվում է։ Նախարարը նշել է, որ գործողության ընթացքում օդից ու ցամաքից արձակվող կրակի հետեւանքով թուրքական զինված ուժերը նշանառության տակ են առել 471 թիրախ, «չեզոքացվել» է 254 ահաբեկիչ։
«Կրկին ցանկանում եմ շեշտել՝ Թուրքիայի զինված ուժերի միակ նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է, մենք էթնիկական, կրոնական որեւէ խնդիր չունենք, մեր քուրդ ու արաբ եղբայրների հետ խնդիր չունենք։ Մեր թիրախը ահաբեկիչներն են»,- ռազմական վերնախավի հետ հանդիպման ժամանակ նշել է Աքարը ու հավելել, որ երկրի ներսում ու դրսում որոշ ուժեր փորձում են իրենց «պայքարն ընդդեմ ահաբեկիչների» այլ կերպ ներկայացնել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական մամուլում լուր էր տարածվել, թե քրդական ուժերը հրթիռակոծել են Գազիանթեփի որոշ բնակավայրեր ու դարձել զոհերի պատճառ։ Նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում իրենց «պայքարը» շարունակվելու է՝ անհրաժեշտության դեպքում նաեւ ցամաքային ուժերի ներգրավմամբ։ Իսկ Մոսկվան Անկարային կոչ էր արել այս հարցում զսպվածություն ցուցաբերելու։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը