Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ ՀՀ օդային տարածքում անօդաչու թռչող համակարգերը կարող են շահագործվել ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007-ի ապրիլի 11-ի թիվ 56-Ն հրամանով հաստատված «ՀՀ ուսումնականեւ հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգի» 18-21-րդ կետերով սահմանված պահանջներով, մասնավորապես․
1․ Աերոդրոմների տեղորոշիչ կետից (վազքուղու կենտրոն) մինչեւ 5 կմ շառավիղով շրջանում,
2․ 4 կգ-ից ավելի քաշ ունեցող հեռակառավարվող անօդաչու համակարգով՝ 120 մետրից ավելի հարաբերական բարձրության վրա, եւ թռիչքները կարող են կատարվել միայն ըստ նշված կարգի՝ Քաղավիացիայի կոմիտեի տրամադրած թույլտվության հիման վրա։
Մարդաշատ վայրերում թռիչքի դեպքում պետք է պահպանվի 1:1 կանոնը․ հեռակառավարվող անօդաչու համակարգի հարաբերական բարձրությունը եւ թռիչքի գործընթացում չներգրավված անձանց միջեւ ընկած հեռավորությունը պետք է լինեն համաչափ, սակայն 50 մետրից ոչ պակաս:
Օդանավերի թռիչքների եւ մարդկանց անվտանգության ապահովման նկատառումներով՝ Քաղավիացիայի կոմիտեն անօդաչու թռչող համակարգեր շահագործողներին հորդորում է խստագույնս պահպանել վերը նշված պահանջները:
Հակառակ պարագայում դա օդանավերի թռիչքների անվտանգության եւ մարդկանց կյանքի անմիջական սպառնալիք կդառնա:
Անօդաչու թռչող համակարգերի շահագործման պահանջների խախտումը կհանգեցնի նաեւ վարչական պատասխանության՝ ըստ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգի: