Ըստ Euractiv պարբերականի՝ ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը եւ ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը վերջերս տեղի ունեցած շփումների ընթացքում համաձայնության են եկել Սեւ ծովում միջադեպերից խուսափելու համար ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի նավերի միջեւ բավականաչափ հեռավորության պահպանել:
Արեւելյան Եվրոպայից, Սկանդինավիայից եւ նախկին Հարավսլավիայից ՆԱՏՕ-ի որոշ անդամներ կասկածներ են հայտնել զինվորականների միջեւ նման շփումների վերաբերյալ: Դաշինքի մյուս անդամները դրան ի պատասխան նշել են, որ հաղորդակցության նման ուղու պահպանումը մտնում է Բաուերի պարտականությունների մեջ:
Euractiv-ը նաեւ նշում է, որ ՆԱՏՕ-ի անդամների շարքում եւ, ընդհանուր առմամբ, միասնականություն չկա այժմ ստեղծված իրադրության վերաբերյալ: ՆԱՏՕ-ի՝ Արեւելյան Եվրոպայի որոշ անդամներ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիան կողմ են «զրոյական գումարով խաղի» մոտեցմանը. սկզբունք, որի դեպքում մի կողմի հաղթանակը հավասարազոր է լինում մյուսի պարտությանը:
Ընդ որում՝ դաշինքի ավանդական մասնակիցներ ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Հունաստանն այդ առումով ավելի զուսպ են: Գերմանիան էլ վերջին երկու տարվա ընթացքում ՆԱՏՕ-ում ակտիվություն հանդես չի բերում՝ կատարում է բոլոր ֆինանսական պատավորությունները, բայց իր կարծիքը չի հայտնում:
Ըստ պարբերականի՝ Վաշինգտոնի ղեկավար դերի շնորհիվ ներկա պահին ՆԱՏՕ-ում, բարեբախտաբար, գերակշռել է չափավոր ուղեգիծը: Euractiv-ը հավելել է, որ ՆԱՏՕ-ն այսուհետ եւս աջակցություն ցույց կտա Ուկրաինային այնքանով, որքանով դա սպառնալիք չի ստեղծի դաշինքի երկրների ազգային անվտանգությանը: