Բրիտանական BBC-ն հյատնել է, որ Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչում է ահաբեկչությունը հովանավորող պետություն։ «Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ Ռուսաստանի Դաշնության կանխամտածված հարձակումներն ու վայրագությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը, մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի մյուս լուրջ խախտումները հավասարազոր են ահաբեկչական գործողություններին»,- ասված է ԵՄ օրենսդիրների հաստատած բանաձեւում։
Հոկտեմբերի 18-ին եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը նշել է, որ ներկայում Եվրամիությունում չկա իրավական հիմք երրորդ երկիրն ահաբեկչությանն աջակցող պետություն ճանաչելու համար։ Չկան նաեւ փաստաթղթեր, որոնք կկարգավորեն ահաբեկչությունը հովանավորող պետության նկատմամբ պատժամիջոցները կամ ինչ-որ կերպ նկարագրեն նման երկրների հետ փոխգործակցության կանոնները։ Այլ կերպ ասած՝ Եվրախորհրդարանի բանաձեւը Ռուսաստանի համար դեռ իրավական հետեւանքներ չի ունենա։
Ավելի վաղ ԱՄՆ Սենատը բանաձեւ էր ընդունել, որով Պետական դեպարտամենտին կոչ էր արել Ռուսաստանի Դաշնությունը ճանաչելու ահաբեկչությունը հովանավորող երկիր: Բանաձեւում, որն ընդունվել է միաձայն, ասված էր, որ Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում եւ Ուկրաինայում ահաբեկչական գործողությունների հովանավորը Ռուսաստանն է: Միացյալ Նահանգները ներկայում ահաբեկչությանը սատարող պետություններ է ճանաչել Սիրիան, Իրանը, Կուբան եւ Հյուսիսային Կորեան, որոնց հետ դիվանագիտական կապերը դադարեցվել են, եւ նրանց նկատմամբ կոշտ պատժամիջոցներ են սահմանվել: