«Վալդայ» ակումբում, անդրադառնալով Արցախի խնդրին, Պուտինն ասել էր, որ ռուսական կողմը երկար տարիներ Հայաստանին հորդորել է գնալ զիջումների՝ Ադրբեջանին վերադարձնելով գրավյալ յոթ շրջաններից հինգը՝ պահելով Քարվաճառի ու Լաչինի շրջաննեը որպես Արցախը Հայաստանին կապող տարածքներ․ «Դա տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ լավ քայլ կլիներ, սակայն Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Դա հանգեցրեց այն իրավիճակին, որն առկա է այսօր»։
Պուտինն, ըստ էության, նորություն չի ասել։ Բանակցային ողջ ընթացքում, սկսած 1990-ականներից, այս մասին է խոսվել։ Հայկական կողմը պետք է Ադրբեջանին վերադարձներ տարածքները, որոնք երբեք չեն եղել Արցախի կազմում, պահպանելով Լաչինի շրջանը (զրույցներ են եղել նաեւ Քարվաճառի մասին) ու արդեն առանց լարվածությունների ու թշնամության, միջնորդ երկրների մասնակցությամբ, աշխատեր Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ։
Հայաստանում, սակայն, սկսած 1998-ից, 23 տարի շարունակ՝ մինչեւ 2020-ի պատերազմն ու պարտությունը, իշխանության ղեկին գտնվողները լավագույն արդյունք են համարել ոչ թե խնդրի լուծումը եւ փոխզիջումների հիմքով խաղաղության հաստատումը, այլ իրերի առկա դրության պահպանումը։
Նրանք երբեք չեն խոստովանել, որ մասնակցում են բանակցությունների, որոնց արդյունքում ինչ-ինչ տարածքներ պետք է զիջվեն Ադրբեջանին։ Անգամ այսօր՝ պատերազմից ու պարտությունից հետո, երբ, թվում է, հետեւում է մնացել ամեն ինչ, առաջ շարժվելու, նոր փորձանքների չգալու համար պետք է նոր տողից սկսել, խոսել թույլ տրված բացթողումներից ու սխալներից, նրանք ՀՀԿ փոխնախագահի բերանով հայտարարում են․ «Այն, ինչի մասին խոսում էր ՌԴ նախագահը, չի քննարկվել, չի բանակցվել, չի առաջարկվել ՌԴ-ի կողմից բարձր ու բարձրագույն խողովակներով՝ ԱԳՆ կամ նախագահի մակարդակով»։
Վաղուց էր պարզ, որ այսպես կոչված նախկինները ոչ մի պարագայում իրենց սխալները չեն ընդունելու։ Ժպիտ առաջացնող աճպարարության են դիմում. տարիներ շարունակ քննարկվող բանակցային փաստաթղթերը մոռացության տալով՝ ասում են, թե «բարձր ու բարձրագույն խողովակներով», այսինքն՝ անձամբ Պուտինը կամ անձամբ Լավրովը նման առաջարկ չեն արել։
Այնինչ սեղանին եղած վերջին փաստաթուղթը հենց «Լավրովի պլան» էր կոչվում։ Առաջարկի հեղինակն անձամբ Լավրովն էր։ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն, անդրադառնալով այս պլանին, գրել է․ «Սերգեյ Լավրովը բացահայտեց հակամարտության կարգավորման իր պլանը, որը շատ նման էր առկա Մադրիդյան սկզբունքներին եւ ոչ պաշտոնապես հայտնի դարձավ որպես «Լավրովի պլան»: Սակայն մեզ նախազգուշացրել էին այն անվանել «բանակցային սեղանի վրա դրված պլան»։
Նախկին իշխանությունների ստախոսություններն ի ցույց դնելը, նրանց սխալների, նրանց կարճատեսության մասին խոսելն անիմաստ է։ Ինչ կորցնելու էինք նրանց գործունեության հետեւանքով, կորցրել ենք արդեն։ Շատ ավելի կարեւոր է հասկանալը, թե ինչու ռուսական կողմը՝ Պուտինը, Լավրովը, ունենալով հակամարտության լուծման իր տարբերակը, չէր պնդում, Հայաստանին չէր ճնշում, որ ընդունի լուծման իր առաջարկած ճանապարհը։
Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, կասկածից դուրս է, եղել են Կրեմլի հնազանդ կամակատարներ։ Նրանք սա երբեք չեն թաքցրել ու չեն էլ թաքցնում։ Նրանց համար ինչպես իրենց պատանեկության ու երիտասարդության տարիներին, այնպես էլ հետագայում ու այսօր աշխարհի կենտրոնը եղել ու մնում է Մոսկվան։ Ինչո՞ւ, հետեւաբար, ամենայն հնազանդությամբ չկատարեցին Մոսկվայի պահանջ-հանձնարարականը։ Պարզ պատճառով՝ նման պահանջ-հանձնարարական չի եղել։
Ռուսաստանը հակամարտության լուծում չի ցանկացել։ Ռուսաստանին պետք է եղել թեժ ու թեժացող հակամարտություն, որ Հայաստանին ու Ադրբեջանին, վերջին հաշվով ողջ մեր տարածաշրջանը, իր ազդեցության ոլորտում պահի։ Հենց հայկական իշխանություններն են եղել այն գործիքը, որով Ռուսաստանը լուծել է իր այս խնդիրը։
Բաց հարթակներում, բանակցությունների ընթացքում խոսել են խնդրի լուծման անհրաժեշտությունից, տարբերակներ են մշակել ու քննարկել, բայց փակ ռեժիմով հայկական կողմին վստահեցրել են, որ Հայաստանի թիկունքում են, որ պատերազմ թույլ չեն տալու, որ ստատուս-քվոն պետք է պահպանել։ 1998-ի բռնի իշխանափոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, հենց այս համատեքստում էլ պետք է դիտարկվի։ Ռուսաստանին պետք չէր իշխանություն Հայաստանում, որը կգնար խնդրի լուծման։
Այսօր էլ նույն վիճակն է։ Խնդիրը պետք է մնա չլուծված։ Կողմերի միջեւ լարվածությունը պետք է պահպանվի։
Հոկտեմբերի 31-ին Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո զարգացումներն հենց այս ուղղությամբ են ընթանում։ Սեպտեմբերի 13-ից հետո Արեւմուտքի միջնորդությամբ մեղմացման աղոտ միտումներ դրսեւորող հակամարտությունը կրկին սրանում է։
Զրույցները, թե մինչեւ տարեվերջ կարող է կնքվել հաշտության պայմանագիր, մոռացվում են։ Երկու կողմերից էլ սուր հայտարարություններ են հնչում։ Ավելի հավանական են դառնում սահմանային բախումները, փոքր ու մեծ պատերազմները, որոնք Հայաստանի համար կարող են ճակատագրական դառնալ։
Հայաստանին խաղաղություն է պետք, երկարատեւ ու կայուն խաղաղություն։ Հակառակ դեպքում նոր կորուստներ ենք ունենալու, որոնք շատ ավելի ցավոտ են լինելու, քան բոլոր այն կորուստները, որ արդեն գրանցել ենք։ Խոսքը Հայաստանի Հանրապետությանն է վերաբերում, մեր երկրի տարածքային ամբողջականությանը։ Սա պետք է գիտակցել։
Լարվածության պահպանումը, լարվածության խորացումը Հայաստանի շահերից չեն բխում։ Օր առաջ պետք է հակամարտությունը սրող գործիքից վերածվել սեփական շահերի պաշտպանի։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։