Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության՝ Ռուսաստանում զգալիորեն ավելացել են զենք-զինամթերքի եւ պայթուցիկների գործադրմամբ հանցագործությունները։ Ընդ որում՝ այդ կատեգորիայի հանցագործությունները հատկապես աճել են Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում։ Նշված հանցագործությունների ամենաբարձր աճը արձանագրվել է Կուրսկի եւ Բելգորոդի մարզերում՝ համապատասխանաբար 675 եւ 213 տոկոս։ Նույն կատեգորիայի հանցագործությունները 2 անգամ ավելացել են Մոսկվայում, 1,5 անգամ՝ Պսկովի մարզում։
Ընդհանուր առմամբ Ռուսաստանում զենք-զինամթերքի եւ պայթուցիկների գործադրմամբ հանցագործությունները ընթացիկ տարվա 10 ամիսներին աճել են մոտ 30 տոկոսով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Զուտ թվային արտահայտմամբ, ընթացիկ տարվա 10 ամիսներին կատարվել է զենք-զինամթերքի եւ պայթուցիկների գործադրմամբ 5000 հանցագործություն։
Ընդ որում՝ պայթուցիկ նյութերով եւ պայթուցիկ սարքերով գործադրված հանցագործությունների թիվը (283) հասել է վերջին վեց տարվա առավելագույն ցուցանիշին։ Միաժամանակ 7,3 տոկոսով նվազել են զենքի անօրինական շրջանառությանն առնչվող հանցագործությունները։ Ընթացիկ տարվա 10 ամիսներին արձանագրվել է այս կատեգորիայի 19,2 հազար հանցագործություն։
Ընդհանուր առմամբ հանցավորությունը Ռուսաստանում նվազել է։ Ընթացիկ տարվա 10 ամիսներին արձանագրվել է 1 միլիոն 677,1 հազար հանցագործություն, ինչը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 1,7 տոկոսով։ Հանցավորության նվազում արձանագրվել է 56 դաշնային սուբյեկտում, աճ՝ 29 դաշնային սուբյեկտում։
Մտահոգիչ է այն, որ 21,5 տոկոսով ավելացել են կազմակերպված հանցախմբերի ծանր հանցագործությունները (23,5 հազար)։ 36 տոկոսով ավելացել են ծայրահեղական ուղղվածության հանցագործությունները (1247)։ Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 440 հանցագործություն, որոնք կապված են ծայրահեղական գործունեության կոչերի հետ, ինչը 5 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը