Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում «Սուր-ճանկ» գործողության շրջանակում Թուրքիայի ավիահարվածները սպառնալիք են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարում տարիներ շարունակ գրանցված առաջընթացի համար:
«Սիրիայում վերջին ավիահարվածներն ուղղակիորեն սպառնում են ամերիկացի զինծառայողների անվտանգությանը, որոնք Սիրիայում տեղի գործընկերների հետ աշխատում են «Իսլամական պետություն» ջախջախման ուղղությամբ եւ կալանքի տակ են պահում ԻՊ-ի ավելի քան 10 հազար գրոհայինի»,- ընդգծել է Պենտագոնի մամուլի քարտուղարը:
Ըստ գեներալի՝ չհամաձայնեցված ռազմական գործողությունները սպառնում են նաեւ Իրաքի ինքնիշխանությանը։
Ռայդերը շեշտել է՝ Միացյալ Նահանգները դատապարտում է գործողությունները, որոնց հետեւանքով քաղաքացիական բնակչության մահվան դեպքեր են արձանագրվում: ԱՄՆ վարչակազմը մտահոգված է նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին դիտավորյալ հարվածներ հասցնելու մասին հաղորդագրություններով։
Ամերիկացի գեներալը հավելել է, որ ԱՄՆ-ը ճանաչում է Թուրքիայի օրինական շահերը անվտանգության ոլորտում եւ կշարունակի Անկարայի եւ մյուս գործընկերների հետ քննարկել հրադադարի մասին պայմանավորվածությունների պահպանումը: