Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան հայտնել է, որ Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայությունից: Նա նշել է, որ Ազգային ժողովում համապատասխան օրենքի ընդունումից հետո կդառնա վարչապետին ենթակա մարմին: Ըստ Գրիգորյանի՝ փոփոխությունը տեղի է ունենում անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակում:
ԱԽ քարտուղարը հավելել է, որ նախկինում այս կարգավորման շրջանակում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Այսուհետեւ թիկնազորի ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո եւս յոթ տարի: Վարչապետի դեպքում դա կլինի տասը տարի: Ըստ անհրաժեշտության հետագայում ծառայությունը երկարացնելու հնարավորություն կլինի:
Կառավարությունում նշել են, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեք հիմնական ուղղություններով` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն: