Հայաստանյան հասարակական կազմակերպությունները կոչով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ խիստ անընդունելի եւ դատապարտելի համարելով Բարձրագույն դատական խորհրդի կոռուպցիոն հանցագործությունների քննություն անցկացնող դատավորների կազմում դատավոր Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը: Վերջինս 2022-ի նոյեմբերի 21-ին դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից դատավոր է ընտրվել 6 կողմ, 3 դեմ ձայներով:
Հայտարարությունում նշվում է, որ Մնացական Մարտիրոսյանը հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործերով ներգրավված դատավոր, որի դատավճիռներով դատապարտվել են քաղաքական բանտարկյալներ. վերջիններիս հիմնարար իրավունքների խախտումները եւ քաղաքական հետապնդման փաստը հաստատվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով, իսկ տարիներ անց նրանցից ոմանց արդարացրել են նաեւ Հայաստանի դատարանները:
«Այս համատեքստում Մնացական Մարտիրոսյանի՝ բացառապես քաղաքական կլանային շահերին սպասարկող գործունեությունը խաթարել է ոչ միայն արդարադատության ընկալումը ու վնասել Հայաստանի դատական իշխանության հեղինակությունն ու հանրային վստահությունը, այլեւ նյութական վնաս է պատճառել ՀՀ-ին: Բարձրագույն դատական խորհրդի անդամների՝ նման վարկանիշ ունեցող դատավորին հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրելը խեղաթյուրում է պետության հակակոռուպցիոն քաղաքականությունը եւ խորացնում է դատական համակարգի նկատմամբ տիրող անվստահությունը»,- ասված է հայտարարությունում:
Հասարակական կազմակերպությունները հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանից պահանջում են Մնացական Մարտիրոսյանին չնշանակել կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում եւ նրա թեկնածությունը առարկություններով վերադարձնել Բարձրագույն դատական խորհրդին:
Հայտարարությունը ստորագրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ները, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամը, ինչպես նաեւ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը: