Ըստ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ ՌԴ իշխանությունները հետապնդում են պատերազմին դեմ հանդես եկող եւ բողոքի գործողությունները լուսաբանող լրատվամիջոցներին եւ քաղաքացիական ակտիվիստներին։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես ռուսական իշխանությունները ոչ միայն ամեն բան անում են, որ կանխեն բողոքի ցանկացած գործողություն, որքան էլ դա լինի խաղաղ, եւ խստորեն պատժեն մասնակիցներին ու կազմակերպիչներին, այլեւ փորձում են ամեն ինչ անել, որ նման գործողությունների մասին հանրությունը չիմանա»,- ասված է կազմակերպության հրապարակած «Քեզ, միեւնույնն է, ձերբակալելու են» զեկույցում։
Ընդ որում՝ հետապնդումը դրսեւորվում է ոչ միայն հենց բողոքի գործողության լուսաբանման ընթացքում լրագրողների եւ անկախ դիտորդների հանդեպ բռնության գործադրմամբ, այլեւ իրավական սահմանափակումներով։ Նման սահմանափակում է համարվել նաեւ վերջերս ռուսական օրենսդրություն ներմուծված այն դրույթը, որը նախատեսում է մինչեւ 15 տարվա բանտարկություն «ռուսական բանակի վարկաբեկման համար»։
2022-ի հունիսին Ռուսաստանում ընդունվեց օրենք, որով ՌԴ Գլխավոր դատախազությունը իրավունք ստացավ արտադատական ճանապարհով լրատվամիջոցներ փակելու մասին որոշում ընդունել, եթե փակման ենթակա լրատվամիջոցը տարածում է այնպիսի տեղեկություն, որը, ըստ իշխանությունների, համարվում է «ֆեյք», «ռուսական բանակը վարկաբեկող», պատժամիջոցների կոչ անող»։
Պատրաստեց Արման Գրիգորյանը