ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը սուտ է որակել ադրբեջանական այն պնդումները, թե Հայաստանն օգտագործել է Լաչինի միջանցքը՝ ականներ տեղափոխելու համար։
«Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից վերցրել է ցամաքային ականները, տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ միջազգային գործընկերներին ցույց տալու եւ Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»,- իր թվիթերյյան գրառման մեջ նշել է Մարուքյանը։
Նոյեմբերի 24-ին ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործում է ԼՂ սպառազինություն ուղարկելու նպատակով, ինչը հակասում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին։
«Միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը պետք է վերջ տրվի։ Ադրբեջանն այդ ուղղությամբ համապատասխան քայլերի կդիմի»,- պնդել է Ջեյհուն Բայրամովը։ Ըստ նրա՝ 2021-ին Ղարաբաղում «տեղադրված ականները» այնտեղ են հասցվել հենց Լաչինի միջանցքով։